Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն Նոբելյան մրցանակի է առաջադրել «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին։ Այս մասին նա հայտնել է իր «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա առաջատար է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։ Իմ կարծիքով, Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,- գրել է Կլիմենկոն և նշել, որ պաշտոնական դիմում է ուղարկել Նոբելյան կոմիտե։ Ռեկտորի խոսքով, իր նախաձեռնությանը աջակցել են նաև ասիական և աֆրիկյան երկրների որոշ բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացի այդ, նա հանրաճանաչ մեսենջերի հիմնադիրին հրավիրել է Dubai BRICS ներդրումային ֆորումին՝ որպես բանախոս։ Միաժամանակ նա կկարողանա հեռակա կարգով մասնակցել ֆորումին, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից։
Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել է օգոստոսի 24-ին։ Ըստ քննիչների՝ նա «Տելեգրամ»-ի միջոցով իրականացվող անօրինական գործողությունների մեղսակից է։ Ֆրանսիայում նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:
Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին, հաղորդվել է, որ նա դեռ 48 ժամ կպահվի կալանքի տակ։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը ՏԱՍՍ-ի հարցմանը, թե կա՞ մտահոգություն, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը «Ռուսաստանի համար զգայուն տեղեկություն կհայտնի Արեւմուտքին», պատասխանել է. «Ես շատ հուսով եմ, որ նա դա չի անի»:
Մոսկվան փորձել է «հյուպատոսական ծառայության» ծածկաքողի տակ կապ հաստատել Դուրովի հետ և նրան ինչ-որ ազդակներ փոխանցել: Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի հայտարարությունն, ըստ էության, այն է, ինչ Փարիզում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը պիտի ասեր Դուրովին:
Դուրովն Ռուսաստանի համար «զգայուն» ի՞նչ տեղեկություն կարող է փոխանցել: Խոսքն, ըստ երեւույթին, ամենից առաջ վերաբերում է ռուս-ֆրանսիական հարաբերությունների վրա ազդեցություն ունեցող տեղեկատվությանը: Այս առումով «զգայունության աշխարհագրությունը» կարող է շատ ընդգրկուն լինել՝ Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս ու Մերձավոր Արեւելք:
Այլ տարածաշրջաններում ռուս-ֆրանսիական մրցակցության մասին դժվար է դատել: Իսկ Հարավային Կովկասում դա երեւակված է Ֆրանսիայի դեմ Ադրբեջանի բացահայտ թշնամական գործողություններով: Անցած տարվա դեկտեմբերի սկզբներին Բաքուն հայտարարել է, որ «բացահայտել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ռեզիդենտուրա, որ գործել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հարեւան երկրների դեմ»:
Տարվա ընթացքում Ադրբեջանը Ֆրանսիայի «գաղութատիրական քաղաքականության» դեմ երկու միջոցառում է կազմակերպել, որին հրավիրվել են Նոր Կալեդոնիայի եւ Կորսիկայի «անկախության համար պայքարող» կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մեծ է հավանականությունը, որ տեղեկատվա-քարոզչական ապահովում իրականացրել է նաեւ Telegram-ը:
Եվ եթե Դուրովը Ռուսաստանի համար «զգայուն» տեղեկություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացահայտվի Բաքվի հակաֆրանսիական միջոցառումների կազմակերպմանը Մոսկվայի ներգրավվածությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարիզում Դուրովի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարվեց, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Աստանա:
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկնել է Ղազախստան: Մամուլում տեսակետ է հնչել, որ այցի բուն նպատակը Ղազախստանից ուրանի ներկրման խնդիրն է: Ռուսական եւ ադրբեջանական փորձագետները գրել են, որ Ֆրանսիան «կորցրել է Աֆրիկայի հյուսիսը եւ փորձում է ուրանի անհրաժեշտ պաշարներ ձեռք բերել Ղազախստանում»: Այդ հրապարակումների առանցքային ուղերձն այն էր, որ առանց Բաքվի համաձայնության Ֆրանսիան չի կարող Ղազախստանից ուրան արտահանել:
Ֆրանսիայի կողմից Հայաստանին «հարձակողական սպառազինություններ տրամադրելու վտանգավորության» մասին ռուս-ադրբեջանական քարոզչությունը Փարիզի դեմ համատեղ գործողությունների տեղեկատվական ծածկաքող է: Բուն նպատակը Ֆրանսիա-Ղազախստան ռազմավարական նշանակության գործարքի ձախողումն է:
Դուրովի հարցում Ռուսաստանը գործում է այլեւս բաց խաղաքարտերով: Ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը մեկնում է Աստանա, որպեսզի Ղազախստանի նախագահից հավաստիանա, որ նա Ֆրանսիային «զգայուն տեղեկություն չի փոխանցել եւ չի փոխանցի»: Իսկ եթե Դուրովը «երգի՞»:
Բաց մի թողեք
Պուտինը ՌԴ-ին արժանի նոր ռազմավարական գործընկեր է գտել
«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով
«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ