Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում ռազմավարական գործակցության մասին ընդգրկուն պայմանագիրը ստորագրելու հարցը, թեեւ քննարկվող տարբերակներից է նաեւ հետո՝ Պուտինի Իրան այցի կամ Իրանի նախագահի ՌԴ առանձին այցի ընթացքում ստորագրելու տարբերակներ:
Դեսպանը հայտարարել է, որ այդ հարցում դեռեւս չկա որոշում, թե՝ երբ ստորագրել: Ռուսաստանն ու Իրանը ընդգրկուն պայմանագիրը քննարկում են ավելի քան տարի: Այժմ կողմերը հայտարարում են, որ պայմանագրի վրա աշխատանքը ավարտված է եւ քննարկվում է ստորագրելու ժամանակը:
Մոսկվան հայտարարում էր, որ այդ առնչությամբ որոշումն արդեն կայացված էր, սակայն իրավիճակը փոխվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի մահից հետո: Իբրահիմ Ռեյիսիի մահը Իրանում ոչ միայն առաջ բերեց նոր նախագահի հարց, այլ ըստ էության ստեղծեց նոր ներքաղաքական իրավիճակ՝ արտաքին քաղաքական նոր շեշտադրումներով, համենայն դեպս դրանց մասին ակտիվ խոսակցությամբ ու քննարկումներով: Իրանի գործադիր իշխանության ղեկն անցավ երկրի կառավարող համակարգի այսպես ասած ռեֆորմիստական թեւին, որն ավանդաբար ներկայանում է Արեւմուտքի հետ հարաբերության առավել «կառուցողական» մոտեցումներով:
Ավելին, Իրանի նոր նախագահի օգնական է նշանակվել մարդ, որը մոտ երեք տարի առաջ իր աղմկոտ ձայնագրության մեջ խոսել էր այն մասին, թե Ռուսաստանն ինչպես էր խանգարում Իրանի եւ Վեցյակի միջեւ միջուկային գործարքի կայացմանը: Միեւնույն ժամանակ, Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ ակնկալում է Իբրահիմ Ռեյիսիի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած համաձայնությունների իրագործում:
Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը նախագահի արտահերթ ընտրությունից հետո ազդարարել է քաղաքականության շարունակության մասին: Այդուհանդերձ, այն, որ Մոսկվան ու Թեհրանը դեռեւս քննարկում են պայմանագրի ստորագրման ժամանակի հարցը, թերեւս հուշում է, որ հարցը միայն ժամանակը չէ, այլ կան շեշտադրումներ, որոնց առնչությամբ առնվազն առկա են նոր երանգներ:
Դա իհարկե չի նշանակում, որ Ռուսաստանի ու Իրանի միջեւ առաջացել է հիմնարար տարակարծություն, սակայն այն, որ Իրանի նախագահի ողբերգական մահը առնվազն ստեղծել է ժամանակի ու տարածության որոշակի, թեկուզ հարաբերական «վակուում», բավականին նկատելի է:
Եվ այդ իմաստով էլ ուշագրավ է այն «բանավեճը», որ Մոսկվա-Թեհրան տիրույթում անուղղակիորեն, սակայն դրսեւորվում է Կովկասում ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» թեմայով:
Կարո՞ղ է օրինակ հենց այդ թեմայով մոտեցումների տարբերության «ակտիվացումը» լինել էական պատճառներից մեկը, որ Մոսկվան ու Թեհրանը դեռեւս չեն պայմանավորվում մեծ պայմանագրի ստորագրման ժամկետի առնչությամբ:
Հնարավո՞ր է արդյոք, որ Իրանը այդ հարցում Ռուսաստանից ակնկալում է հստակ ու համոզիչ երաշխիք, որ պայմանագրի ստորագրումից հետո Մոսկվան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ որեւէ «ոչ պակաս ընդգրկուն» պայմանավորվածությամբ չի հարվածի «թիկունքից»:
Բաց մի թողեք
«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին
Մոսկվան և Բաքուն քննարկում են դեպի Իրան ելքի «երկրորդ տարբերակը»
Այսպես խոսում են կամ հիշողության մթագնում ունեցողները, կամ էլ «конченный» ցինիկները