13/10/2024

Ռուս-ղազախական հարաբերություններն «այն չեն»․ Պուտինի Աստանա այցը կլինի «ձեռքեր ոլորելու» քայլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, պատասխանելով հարցին, թե տարվա ընթացքում Վլադիմիր Պուտինը նոր արտասահմանյան այց նախատեսու՞մ է, պատասխանել է. «Ոչ, մոտ ապագայում նման ուղեւորթյուն չի նախատեսվում»։

Պուտինի Բաքու պետական այցից անմիջապես հետո ռուսաստանյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ նրա հաջորդ «կանգառը» կլինի Աստանայում։ Կրեմլն այդ լուրերը չի հերքել։ Պեսկովն ասում է, որ մինչեւ տարեվերջ Պուտինի արտասահմանյան այց նախատեսված չէ։

Դժվար է վստահաբար ասել՝ Պուտինը Ղազախստան այցի ծրագիր ունեցել է, բայց վերջին պահին բարդություններ են առաջացել, եւ այն չի՞ կայանում, թե՞ ռուսական մամուլը տրամաբանորեն բխեցրել է, որ Բաքվից հետո նա պետք է լինի նաեւ Աստանայու՞մ:

Ռուս-ղազախական հարաբերությունները «այն չեն»։ Դա պարզորոշ երեւաց Կուրսկ ուկրաինական զորախմբի ներթափանցման շուրջ պետդումայի պատգամավոր Զատուլինի հայտարարությունից. երբ նրան հարցրել են ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի դնելու հավանականությունից, հետեւել է պատասխան. «Ումի՞ց եք օգնություն ակնկալում, հայերի՞ց, թե՞ ղազախներից»։ Ղազախստանն, ընդ որում, ՀԱՊԿ նախագահող երկիր է։

Ղազախստանի նախագահը վերջերս հանդես է եկել Կենտրոնական Ասիայի ներքին անվտանգային եւ տնտեսա-կոմունիկացիոն ինտեգրման նախաձեռնությամբ, ինչից շատ կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահը պետական այց կատարեց Ուզբեկստան։ Տպավորություն է, որ Բաքուն փորձում է Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրմանը հակադրել Տաշքենդի հետ ռազմավարական համագործակցությունը։

Բայց Կենտրոնական Ասիան 5+1 ձևաչափով քննարկումներ ունի Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ, իսկ Ղազախստանը՝ նաեւ Հարավային Կորեայի։ Փորձագետները չափազանց կարեւոր են համարում նաեւ Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի Թեհրան այցը, որի ընթացքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել թուրքմենական գազը Եվրամիություն հասցնելու հարցի շուրջ։

Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անցյալ տարվա այցը Ղազախստան՝ մի նպատակի են ուղղված՝ հնարավորինս թոթափել Ռուսաստանից անվտանգային եւ կոմունիկացիոն կախվածությունը, ինչպես նաեւ համաշխարհային շուկա մտնելու ավելի հարմար մեխանիզմներ եւ հաղորդուղիներ ունենալ։

Այս համատեքստում Պուտինի Աստանա այցը պետք է լինի կամ «ձեռքեր ոլորելու» քայլ, կամ՝ զուտ արարողակարգային ուղեւորություն։ Ըստ երեւույթին, ընտրվել է տարբերակ, երբ Վլադիմիր Պուտինը եւ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը կարող են շփվել, ասենք, ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում։

Բայց հարց է՝ Տոկաեւը կմեկնի՞ Կազան։ Շանհայի համագործակցության կազմակերպության անցյալ տարվա գագաթաժողովին ընդառաջ Ղազախստանի նախագահը, դարձյալ հեղինակային հոդվածի տեսքով, սակայն չափազանց խորքային հարց է բարձրացրել՝ իր երկիրը հռչակելով Ոսկե հորդայի իրավահաջորդ։ Կազանը Ոսկե հորդայի մայրաքաղաքն է։

Պատմա-քաղաքակրթական բանավեճն, անկասկած, ռազմա-քաղաքական եւ տնտեսա-կոմունիկացիոն ենթատեքստ ունի, բայց միայն դա չէ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Տոկաեւի մասնակցության հետ կապված բարդությունը։

Մոտակա օրերին, ըստ Ղազախստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության, Աստանա է այցելելու Գերմանիայի կանցլեր Շոլցը: Tengrinews-ի տեղեկություններով, Շոլցն Աստանայում երկու օր կանցկացնի՝ սեպտեմբերի 16-17-ը։ Առաջին օրը կկայանան Տոկաեւ-Շոլց բանակցություններ, իսկ սեպտեմբերի 17-ին կգումարվի «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» գագաթաժողովը։

Համեմատության համար, երեւի, պետք է նկատել, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Բելգրադ այցից եւ ֆրանսիական կործանիչներ ձեռք բերելու հարցում վերջնական պայմանավորվածությունից հետո Սերբիայի առաջնորդ Վուչիչը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին չի մասնակցի, քանի որ այդ օրերին սպասում է կարեւոր հյուրերի։

Չկա երաշխիք, որ Գերմանիայի կանցլերը չի փորձի Կենտրոնական Ասիայի առաջնորդներին համոզել, որ չմասնակցեն ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին կամ հենց դա չէ նրա Աստանա այցի եւ 5+1 գագաթաժողով նախաձեռնելու բուն նպատակը։ Կենտրոնական Ասիայի երկրներից ոչ մեկը ԲՐԻԿՍ-ի անդամ չէ, եւ կառույցին մաս կազմելու հայտ չի ներկայացրել։ Բայց ռուս-ղազախական սառնությունը Եվրամիության եւ Արեւմուտքի համար հաստատապես այքան թանկ է, որ եթե Տոկաեւը Կազան չայցելի, ապա Շոլցի առաքելությունը կհամարվի ավելի հաջողված։