Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի դրական ընթացքը, Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբխիձեն:
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստան է մեկնել սեպտեմբերի 16-ին, իսկ դրանից ժամեր առաջ Երեւանում ընդունել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեին:
Հնարավոր է, որ դա բոլորովին զուտ ժամանակագրական դրվագ չէ, ու Նիկոլ Փաշինյանը Վրաստան այցի ընթացքում պաշտոնական Թբիլիսիի հետ շոշափել է հարցեր, որոնք Երեւանում քննարկել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Հատկապես, եթե նկատի ունենանք այն, որ Վրաստանի վերջին շրջանի ներքին ու արտաքին քաղաքականության հանդեպպ դժգոհության պատճառով էապես սառել է Վրաստանի ու եվրաատլանտյան ուղղության երկրների հաղորդակցությունն ու երկխոսությունը: Իսկ Ֆրանսիայի առնչությամբ այստեղ կան էական հարցեր:
Կովկասում ամրապնդվել, հաստատուն ներկայություն եւ դեր ձեւավորել ձգտող Փարիզը չի կարող այդ խնդիրը լուծել, չունենալով կայուն ու դրական հարաբերություն Վրաստանի հետ: Ի վերջո, դրանից է կախված նաեւ, թե ինչպիսի արդյունավետություն կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունը, որովհետեւ Ֆրանսիայի ճաապարհը դեպի Հայաստան անցնում է Վրաստանով, ու դա չունի շոշափելի, այսպես ասած գետնի վրա եղած այլընտրանք:
Միեւնույն ժամանակ, Վրաստանում ծավալվում են բախտորոշ զարգացումներ, որոնք մասին է վկայում օրինակ այն, որ երկրի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ Թբիլիսին պատրաստ է իրականացնել 2008 թվականի պատերազմի «նյուրենբերգյան պրոցես», բացահայտել պատերազմ հրահրողներին, որոնք թշնամացրել են վրաց եւ օս եղբայր ժողովուրդներին, ու ներողություն խնդրել օսերից:
Սրանք խոսում են Վրաստանում հասունացող հիմնարար զարգացումների մասին: Թե ինչ ուղղությամբ են ծավալվելու դրանք, միարժեք ասելը բարդ է, բայց որ իրենց մեջ պարունակում են ճակատագրականություն թե Վրաստանի, թե ռեգիոնի համար, աներկբա է: Դրա մասին խոսուն վկայությունն Իվանիշվիլու շեշտադրումներն են, որոնք ունեն այնպիսի տրամաբանություն, որ կարծես թե նա Վրաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հարցերը դնում է կամ-կամ տրամաբանությամբ:
Դա նշանակում է, որ պաշտոնական Թբիլիսիի համար խնդիրը ոչ միայն խորհրդարանի ընտրությունը պարզապես հաղթելն է, այլ հաղթել քաղաքական մի ամբողջ դարաշրջան փակելով եւ ըստ էության Վրաստանում խորքային առոըւմով նոր ստատուս-քվո ձեւավորելով:
Չի բացառվում, որ Իվանիշվիլին ոչ թե ինքն է հարցը դնում այդպես, այլ այդպես արձագանքում է այն հարցադրմանը, որ Վրաստանի մասով դնում է Արեւմուտքը՝ դժգոհ լինելով Թբիլիսիի վարած քաղաքականությունից: Իսկ Իվանիշվիլին իր հայտարարություններով պարզապես ցույց է տալիս, որ ընդունում է այդպիսի շեշտադրումն ու մարտահրավերը:
Հայաստանի համար սրանք խորքային ուշադրության առարկա պրոցեսներ են, ու նաեւ Ֆրանսիայի համար, որի ռազմավարական հետաքրքրությունները կովկասյան ռեգիոնում ունենալով ընդհանրություն եվրաատլանտյան որոշակի նարատիվների հետ, այդուհանդերձ ունեն նաեւ էական տարբերություններ, եւ անգամ՝ մրցակցային տարբերություններ:
Այդ բարդ աշխարհաքաղաքական ֆոնին, Երեւանն ու Թբիլիսին կանգնած են նաեւ երկկողմ հարաբերությունն ու կոոպերացիան խորացնելու հրամայականի առաջ, հատկապես նոր կարգավիճակի պարագայում:
Հիշեցնեմ, որ ընթացիկ տարվա հունվարին Երեւանն ու Թբիլիսին Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, ըստ էության նոր աստիճանի բարձրացնելով երկկողմ հարաբերությունը: Այդ աստիճանը պահանջում է անշուշտ նաեւ համարժեք նոր բովանդակություն:
Բաց մի թողեք
Ինչ պետք է անի, որ չի անում Բագրատ Սրբազանը
Հայաստանում ԵՄ առաքելությունը պարբերաբար հայտնվում է Մոսկվայի թիրախում
Forbes. Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցի ռուսական տեխնիկան