12/10/2024

ՀՀ ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Քոչարյան

Հայաստանի ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել իրենց երբեմնի իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ ահաբեկչական գործիքակազմից օգտվելու միջոցով:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձի կանխման մասին Քննչական կոմիտեի սեպտեմբերի 18-ի տարածած հաղորդագրությանը:

«Գործողությունը կանխվել է նախապատրաստական փուլում: Բարեփոխումների արդյունքում մեր կառույցները, լինելով բավականին հագեցված և պատրաստված, այսօր ի վիճակի են իրականացնել գործողություններ, որոնք կկանխեն ապագայում մեր երկրի դեմ իրականացվող ցանկացած նմանատիպ գործողություն: Իհարկե, սա բացառիկ օրինակ է, որով պետք է ուրախանանք, բայց չհանգստանանք, որովհետև ներքին և արտաքին թշնամիները, կարծես թե, ձեռք ձեռքի տված շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ՝ չխորշելով ահաբեկչական գործիքից օգտվելու հնարավորությունից»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: