Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել, որում Փաշինյանը ներկայացվում է որպես Ադրբեջանի նախագահ։
Լուսանկարին կից նա գրել է․ «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։
Լուսանկարում Փաշինյանն է Կազանում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս, և նրա դիմաց երևում է Ադրբեջանի դրոշը։ Լուսանկարը, ըստ ամենայնի, տեսանյութից արտապատկերում է, և Փաշինյանը կադրում հայտնվել է այն անկյունից, որ նրա դիմաց երևում է նրա կողքին նստած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմաց տեղադրված Ադրբեջանի դրոշը։
Արշակ Կարապետյանի հետևորդները «լավ են հասկացել» նրան, ու վիրավորանքներ են գրել՝ մեղադրելով Փաշինյանին, որ նա իբրև թե ներկայացնում է Ադրբեջանը։

Սակայն, տարածված պաշտոնական լուսանկարներում երևում է, որ Փաշինյանի դիմաց տեղադրված է տարբերանշան Հայաստանի դրոշով՝ կողքին գրված «Armenia»։ Դրանից աջ Ադրբեջանի դրոշով տարբերանշանն է, քանի որ Փաշինյանի կողքին Ադրբեջանի նախագահն է նստած։

Այսպիսով, Արշակ Կարապետյանը, որն այժմ ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում և այնտեղից քաղաքական գործունեություն է ծավալում՝ քննադատելով Հայաստանի իշխանությանը, կեղծ, մանիպուլյատիվ լուսանկար է տարածել՝ հրահրելով ատելության խոսք։
Հասմիկ Համբարձումյան

Բաց մի թողեք
«Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»
Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են
Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին