21/11/2024

«Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը մոտ 18 մլն դրամ է վճարել, գործը կարճվել է

Պետությանը ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս պատճառած «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, «Հրապարակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Դավիթ Ղազարյանը հատուցել է պետությանը պատճառված վնասը, սակայն վնասի վերաբերյալ քրեական վարույթը դեռեւս գտնվում է նախաքննության փուլում։ 

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը): Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել: Մայիսի 4-ին գլխավոր դատախազության որոշմամբ Դավիթ Ղազարյանը ազատ է արձակվել։

Փաստորեն, 5 տարի անց վնասն ամբողջությամբ փակվել է: Սակայն այս ընթացքում «Սպայկան» հիմնավորապես տուժել է եւ նրա բիզնեսին այս վարույթով մեծ վնաս է հասցվել: Իսկ դրա պատճառն այն էր, որ ընկերության մեջ փայաբաժին ուներ նաեւ Միքայել Մինասյանը` միջնորդավորված ձեւով: Նիկոլ Փաշինյանը անձնական թշնամանք ունի նախկինների եւ հատկապես որոշ անձանց նկատմամբ եւ իրավապահ համակարգն էլ աշխատում է այդ թշնամանքի թելադրանքով:

«Սպայկայի» տնօրենը մոտ 18 միլիոն դոլար է վճարել` գործը կարճվել է