21/11/2024

«Ռեզոն» ՍՊԸ-ի սեփականատերը ծեծի է ենթարկվել, «սեյֆից» գողացել են ավելի քան 2 մլն դրամ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի բնակիչ 40-ամյա Արշակ Ի․-ն նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին, մի խումբ այլ անձանց հետ այցելել է Երևանի բնակիչ 49-ամյա Գևորգ Շ․-ին պատկանող, Շիրակի փողոց 1Ա հասցեում գործող «Ռեզոն» ՍՊԸ-ի տարածք և վերջինիս առաջարկել իր նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրեն տալ ամսեկան վարձատրություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգ Շ․-ն հրաժարվել է հիշյալ առաջարկից, որից հետո Արշակ Ի․-ն իր համախոների հետ ծեծի է ենթարկել Գևորգ Շ․-ին և ՍՊԸ-ի տարածքում առկա աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արշակ Ի․-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արշակ Ի․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։