08/12/2024

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. Տեսանյութ

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տ եղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։

Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ։

Կումայիի համայնքային ոստիկանները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացել էին նոյեմբերի 16-ին։ 31-ամյա մի տղամարդ տանը կից օժանդակ շինությունում, առանց համապատասխան ակցիզավորման, իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, գինիներ, կոնյակներ և շամպայն:

Իրավապահները նշված հասցեում հայտնաբերել են մեծ քանակությամբ առանց ակցիզավորման օղիներ, գինիներ, շամպայններ և կոնյակներ։ 31-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք գնել է վերավաճառելու նպատակով:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: