23/12/2024

Աղասի Խանջյանի ամառանոցը ձեռքից ձեռք է անցնում, վերջը չի երևում ․․․

Խորհրդային շրջանի հայտնի պետական գործիչ Աղասի Խանջյանի՝ 1936 թվականին կառուցված ամառանոցը Հայաստանի պատմամշակութային հուշարձաններից է, գտնվում է Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում` լեռան լանջին։ 1980-ականների վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում՝ չկան նկարազարդ առաստաղը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները, մնացել են միայն փլատակներ եւ երկինք ցցված մի քանի քարե սյուն:  

2018-ին հայտարարվեց, որ շենքի նոր սեփականատերը որոշել է վերականգնել հուշարձանի նախկին տեսքը։ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800․0 քմ հողամասն ամբողջությամբ` Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը եւ շենքին կից Աղյուսե տունը պատկանում են «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին:

Աղասի Խանջյանի ամառանոցը ձեռքից ձեռք է անցնում եւ կամաց ավերվում

Ընկերության հիմնադիրը շվեյցարահայ Մարետա Գեւորկյանն է, որը, ըստ մամուլի, նաեւ միանձնյա տիրապետում է Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ը: ՍՊԸ-ն ամիսներ առաջ դիմել էր Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին` «իր սեփականություն հանդիսացող 2800 քմ հողամասը, այնտեղ առկա հուշարձան շենքի պահպանման եւ սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցելու (նվիրելու) Դիլիջան համայնքին»։ Համայնքի ավագանին 2023թ․ նոյեմբերի 2-ին հավանություն է տվել հողամասն ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Սակայն 2024-ին «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն կրկին դիմել է Դիլիջանի համայնքապետին` այդ հողամասը եւ Խանջյանի ամառանոցը, «հիմնանորոգման եւ որպես թանգարան վերակառուցելու նպատակով», անհատույց օգտագործման համար անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Ավագանին կրկին համաձայնել է եւ 2024թ. մայիսի 10-ի որոշմամբ համաձայնություն տվել, որ այն «անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրվի» «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին: Բացի այս, ավագանու որոշմամբ եւս 0.0431 հա մակերեսով հողամաս` 4 մլն 531 հազար 448 դրամով, օտարվել է այդ ընկերությանը՝ ընդլայնման համար:

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանին հարցրինք, թե ինչու է ամառանոցը համայնքն անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին։ «Ի սկզբանե հարց է, թե ինչպես է տարածքը հայտնվել մասնավոր սեկտորում` չեմ կարող պատասխանել: Պատմամշակութային հուշարձանը դարձել է մասնավոր սեփականություն, որն ընթացքում վերավաճառվել է այդ ՍՊԸ-ին: Տվյալ ՍՊԸ-ն համայնքի հետ համագործակցության ընթացքում որոշվել է, որ Աղասի Խանջյանի ամառանոցը` իր սպասարկման հողամասով, ընկերությունը պատրաստվում է հետ վերադարձնել համայնքին, զուտ այն պատճառով, որ, ըստ Դիլիջան քաղաքի հատակագծի, ամառանոցն իր տարածքով հանդիսանում է պատմամշակութային հուշարձան: Ճիշտ է՝ համայնքը սկզբից ընդունեց ընկերության առաջարկը՝ տարածքը հետ վերադարձնել համայնքին: Քանի որ ընկերության հետ կա հետագայում ամառանոցը վերականգնելու, նախկին տեսքին բերելու ծրագիր, այդ ծրագրի շրջանակներում ինչ-որ իրավունք պետք է տրվեր ընկերությանը: Շենքն օգտագործելու պայմանով տրվել է ՍՊԸ-ին, բայց շենքն իր 2800 քմ հողամասով պատկանում է համայնքին»:

– Ի՞նչ նպատակով է համայնքը հետ վերադարձրել շենքը:

– Նպատակը, միանշանակ, Խանջյանի ամառանոցը վերականգնելն է:

– Ընկերության միջոցներո՞վ:

– Այո, միանշանակ, ո՛չ համայնքի, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ի միջոցներով ու որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է ընկերությանը:

– Իսկ եթե ընկերությունը չվերանորոգի շենքը, այն կմնա՞ ընկերությանը:

– Հետագան չեմ կարող ասել, էս պահին համագործակցությունն ուրիշ բան ա ասում, եթե մարդիկ պատրաստ էին սեփականության իրավունքով հետ վերադարձնել համայնքին: Զուտ պետք է վերանորոգեն՝ թանգարան սարքեն:

– Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ ընկերությանը եւս 0.0431 հա մակերեսով հողամաս եք վաճառել: Ինչո՞ւ:

– Այս հողատարածքը որեւէ կապ չունի Աղասի Խանջյանի ամառանոցի հետ, եթե Դիլիջանին ծանոթ եք, ապա քաղաքային լճի տարածքում ունեցել ենք հյուրանոցի շենք, տվյալ ընկերությունը մասնավոր սեկտորից գնել է շենքը, պատրաստվում է մեծ բազմաֆուկցիոնալ շինություն իրականացնել, խոսքն այդ տարածքի մասին է:

Մի քանի հարց էլ ուղղեցինք «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի աշխատակից Էմմա Հակոբյանին:

– Ե՞րբ է ընկերությունը ձեռք բերել Խանջյանի ամառանոցը եւ ի՞նչ արժեքով:

– «Գրիին Ռոք» ՍՊ ընկերությունը, շուկայական պայմանավորվածությունների համաձայն, իրականացրել է հողատարածքի ձեռքբերում. գործարքի մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Կադաստրի կոմիտեի գրանցամատյանում։

– Ընկերությունը նախ որոշել է Աղասի Խանջյանի ամառանոցի՝ հուշարձան հանդիսացող շենքը, որպես սեփականություն, անհատույց փոխանցել Դիլիջան համայնքին, այնուհետեւ կրկին դիմել է համայնքապետարան` հետ վերցնելու եւ որպես թանգարան վերակառուցելու նպատակով` խնդրելով անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել իրեն:

– Դիլիջան քաղաքի բարեկարգման ու բարելավման մեր քաղաքականությանն է միտված նաեւ Աղասի Խանջյանի ամառանոցի նվիրաբերումը համայնքին։ Մեր ընկերությունը, մտահոգ լինելով շինության ներկայիս կարգավիճակով եւ ապագայով, ապահովել է շենքի ցանկապատումը եւ հարակից տարածքի սպասարկումը` նվազեցնելու մարդկային միջամտության ռիսկերը։ Այժմ Գորկու 3/1 հասցեի 2800.0 քմ հողամասը պատկանում է համայնքապետարանին։ Համաձայն ՀՀ կառավարության Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 2004 թ. դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման՝ Աղասի Խանջյանի ամառանոցը ներառվել է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների Տավուշի մարզի ցուցակում։ Համաձայն ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 2007 թ. մարտի 15-ի N 385-Ն որոշման, Աղասի Խանջյանի ամառանոցն ընդգրկված է օտարման ոչ ենթակա պատմամշակութային հուշարձանների ցուցակում, ուստի կառույցը պետք է գտնվի պետական հաշվեկշռում։ «Գրիին Ռոք» ընկերությունը վերադարձրել է Աղասի Խանջյանի ամառանոցը պետությանը, եւ ամառանոցն այժմ գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում։

– Նշեցիք, որ շենքը պատկանում է ԿԳՄՍՆ-ին, ինչպե՞ս է ստացվել, որ համայնքապետարանի ավագանու որոշմամբ այն անժամկետ ընկերությանն է տրամադրվել՝ որպես թանգարան վերակառուցելու նպատակով: Հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց այդ շենքը դառնա շքեղ հյուրանոց: Ի՞նչ ճակատագիր է սպասվում ամառանոցին:

– «Գրիին ռոք» ընկերությունը չի կարող մեկնաբանել կամ կանխատեսել կառույցի հետագա ճակատագիրը։ Աղասի Խանջյանի ամառանոցի ապագայի վերաբերյալ որոշումներ կարող են ընդունվել միայն ԿԳՄՍՆ-ի, Դիլիջանի ավագանու խորհրդի եւ այլ լիազորված պետական մարմինների կողմից։ «Գրիին ռոք» ընկերությունը լիահույս է, որ պետական մարմինների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո Աղասի Խանջյանի ամառանոցի վերականգնման աշխատանքներով, մեր ընկերությունից եւ պետական մարմիններից զատ, շահագրգիռ կլինեն նաեւ այլ ներդրողներ եւ բարերարներ։

– Աղյուսե տնակը եւս գտնվում է «Գրիին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող տարածքում: Տնակի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի ընկերությունը:

– Նույն տարածքի վրա գտնվում է «Աղյուսե տնակ» պայմանական անունը կրող կառույցը, որը չի համարվում պատմամշակութային հուշարձան։ Այն ներկայում վերակառուցման փուլում է։ Կառույցը մոտ ապագայում կդառնա նոր ժամանցի կենտրոն՝ քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար։ Խնդրահարույց այս կլոր շենքը, որն իրականում հրաշալի ճարտարապետական կոթող է, փաստորեն, ձեռքից ձեռք է անցնում, իսկ շենքի վերանորոգման համար ոչ մեկը չի ստանձնում պատասխանատվություն, քանի որ, բոլորիս հասկանալի պատճառներով, ահռելի գումարների հետ է կապված: