13/12/2024

ՀՅԴ-ն ուրացավ Պողոս Պողոսյանին, քանի որ Քոչարյանին «պողոսասպան» անվանելու դեպքում ստիպված կլիներ «առանց պպզելու անցնել սեղանի տակով»

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի լավը ցանկացող հեռու-մոտիկ ընկերները թերևս այսուհետ պետք է հորդորեն որևէ ԶԼՄ-ի տաղավար հարցազրույցի գնալուց առաջ սթափության թեստ հանձնել, բուն հարցազրույցի ընթացքում էլ հեռու մնալ գունավոր խմիչքներից, հատկապես այն մեկից, որը, ինչպես հայտնի ֆիլմում է բնորոշվում՝ «շառ ա»։ Էլ չասած՝ «լյարդին վնաս ա»։

Նույն այդ ֆիլմի գլխավոր հերոսի՝ Գարսևանի կարգավիճակում հայտնված Գեղամ Մանուկյանը հարցազրույցի տաղավար էր գնացել «շառերի տակառիկով», ու գինու մի քանի կումը ստիպեց, որ բացի այդ «տակառիկն» ու ցուցմունքներ տա ոչ միայն ինքն իր, այլև իրեն մանդատով ապահոված «բրիգադիր Սիսակի» դեմ։ Եթե կուզեք՝ վրա։

Ինչպես գիտենք՝ մի քանի թեմա կա, որոնք ՀՅԴ-ի «ցավոտ մազոլն են», և որոնք վերջինս ձեռք է բերել իր ոչ այնքան (մեղմ ասած) օրինակելի ու պանծալի գործունեության ընթացքում։ Ու երբ դիպչում ես այդ «մազոլներին», ՀՅԴ-ն ինքնապաշտպանական այնպիսի ռեակցիա է տալիս, որ ստիպում է կասկածի տակ առնել ինքնապաշտպանվողի բարոյականությունը, պարկեշտությունը, սրբություններ ունենալն ու մի շարք այլ հատկություններ…

Ինչպես գիտենք՝ օրերս ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ Ալեն Սիմոնյան-Լևոն Քոչարյան բանավեճի ժամանակ ԱԺ նախագահը «հղի կնոջ սպանությունը» (իրականում՝ դժբախտ պատահարը) շահարկող կրտսեր Քոչարյանին հակադարձեց՝ հիշեցնելով ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի սպանությունը ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի թիկնազորի ներկայացուցիչ Աղամալ Հարությունյանի «կատարմամբ»։ Այդ հիշեցման ընթացքում Գեղամ Մանուկյանը տեղից բացականչում էր՝ «մինչև հիմա ապացուցված չէ…»։ Մենք անդրադարձել ենք այս թեմային և հարցադրում արել պարոն Մանուկյանին՝ ի՞նչը ապացուցված չէ՝ այն, որ ՀՅԴ-ական իրենց գործընկերը սպանվե՞լ է Քոչարյանի «ախռաննիկի» ձեռամբ, թե՞ այն, որ սպանությունը տեղի է ունեցել «պրիվետ, Ռոբիկ»-ի պատճառով։

Փաստորեն, մեր այս հեռակա հարցադրմանը Մանուկյանը մի քանի օր անց ակամա պատասխանեց՝ «շառերի տակառիկի» բացման շրջանակներում։ Բայց, նկատենք, սա այն դեպքերից է, երբ պետք է ասել՝ ավելի լավ է՝ ծպտուն չհաներ, քանի որ որքան շատ են դաշնակցականներն այս թեմայով մտավարժանքներ անում, որքան հմտորեն են փորձում «ուխոդ լինել» կուսակից ընկերոջ հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուի անունը նշելուց, այնքան ավելի շատ են ապացուցում՝ հանուն այսրոպեական քաղաքական շահերի ընկերոջ հիշատակն ուրանալը շարունակում է լինել ՀՅԴ-ի կրեդոն, հավատամքը։

Մանուկյանը հարցազրույցի ժամանակ «ալկոհոլիկ բրիտանացի» որակեց վերաբացված դատական գործով վկային՝ Սթիվեն Նյուտոնին (ի դեպ, այդպիսի բնորոշում ժամանակ առաջ տվել էր նաև Լևոն Քոչարյանը), ապա հավելեց՝ «մինչև հիմա չեք կարողանում որևէ նոր բան ապացուցել»։ Պարզվում է՝ ՀՅԴ-ն «նախագահ Քոչարյանի թիկնազորին «պրետենզիաներ» «ունեցել է էն ժամանակ, երբ որ մահացել ա Պողոս Պողոսյանը»։

«Գիդեք, ախր շատ անբարո են, է, որովհետև ես խոսում եմ՝ մեկը, ով Պողոս Պողոսյանին շատ լավ ճանաչել է (այստեղ Մանուկյանը սկսում է հուզմունքից, թե ասվելիք խոսքերը կուլ տալու հետևանքով ի հայտ եկած լարումից մերսել սեփական պարանոցը։ Երևի Պողոսյանին ուզում էր մի բնորոշում տալ, ասենք՝ նրան էլ անվանել «ալկոհոլիկ», բայց վերջին պահին զսպեց իրեն-խմբ.)։ Այսինքն՝ եթե էդ օրերի մամուլը բացեք կամ «սըրչ» տաք Գեղամ Մանուկյան և Պողոս Պողոսյան, գոնե իմ անունով քանի հայտարարություն, հարցազրույց կա»։ «Չէ, էն ժամանակ՝ հա, հիմա»՝ լրագրողի դիտարկմանը՝ տեղի ունեցածին գնահատական տալ, Մանուկյանն արձագանքում է. «Հիմա… եղել ա դատ, դատավճիռ, հազար ու մի բան ա անցել, որի մասին պետք ա խոսել, պետք էր էն ժամանակ խոսել, խոսվել ա, պետք չէր խոսել, չի խոսվել։ Էնքա՜ն ծալքեր կան։ Արհեստական սարքեցին, բերեցին, դրդեցին որոշներին, պաշտոն խոստանալով, թե՝ խոսեք, բողոք ներկայացրեք, հետո վերջում խաբեցին…»։

Իսկ թե ովքեր են այդ՝ դրդմամբ ցուցմունք տվածները, Մանուկյանը, բնականաբար, չի նշում՝ մեղքը թողնելով նրանց վիզը։ Իր խոսքը հարգող, իր լսարանին էլ ապուշի տեղ չդնող ցանկացած մեկը (առավել ևս՝ մանդատավոր), մինչդեռ, եթե գեթ մեկ ունցիա բարոյականություն ունենար, ապա իր հանգուցյալ կուսակցական ընկերոջը վերաբերող այս գործի առնչությամբ արտահայտվելիս կլիներ նախանձախնդիր, կասեր ողջ ճշմարտությունը, լույս կսփռեր իր ասած «բոլոր ծալքերի» վրա՝ նախևառաջ բացահայտելով պաշտոնի դիմաց ցուցմունք տվածների անունները։ Ու քանի որ Մանուկյանը անուններ չի տվել, ոչ էլ նշել է նրանց մեքենայի համարը՝ «01-99», իրավունք ունենք եզրակացնելու՝ կա՛մ Քոչարյանի կուրացիայի տակ աշխատող պատգամավորը նման պնդում է արել ոչ սթափ վիճակում, կամ էլ միտումնավոր ստելով, զրպարտելով Պողոսյանի հարազատներին և ընկերներին։

Բայց ամենազազրելին սա չէ, այլ այն, որ հանուն մի քանի մանդատի ու աշխատավարձի, հանուն Քոչարյանի հետ դաշնակցության, Մանուկյանն ու նրա կուսակցությունը պատրաստ են անցնել բարոյականության «կարմիր գծերն» ու իրենց կուսակից ընկերոջ հետ տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտալու համար (երբ ԱԱԾ աշխատակիցը՝ ՀՀ նախագահի «ախռաննիկը», ակնհայտ միտումով, ֆիզիկական ուժի գործադրմամբ բռնություն է կիրառել, ինչի հետևանքով մարդ է կյանքից զրկվել) շահարկել հղի կնոջ հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը։ Ընդ որում, այս մարդիկ հետևողականորեն «հղիասպանի» պիտակը փորձում են փակցնել Նիկոլ Փաշինյանին, որին սպասարկող ավտոշարասյան ընթացքի ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը, իսկ այ Քոչարյանին «պողոսասպան», «դաշնակցասպան» համարել մտքների ճոթով անգամ չեն անցկացրել ու չեն անցկացնում՝ իմանալով, թե ինչ գին կարող է ունենալ նման համարձակությունը։ Այսինքն՝ դուք Քոչարյանին մեղավոր չեք համարում Պողոս Պողոսյանի սպանության համար՝ շատ կոնկրետ հարցին Մանուկյանը պատասխանում է՝ «ով որ սպանել է, նրան մեղադրել ենք (արձանագրենք՝ Մանուկյանն էլ խոստովանում է, որ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե անզգուշությամբ պատճառված մահ-խմբ.)։

Էն ժամանակվա իշխանությանն էլ ասել ենք՝ մինչև վերջ պետք ա դատը լինի, ու շարունակել ենք։ …Մարդը մեղադրանքը ստացել էր, վերջում տաքսի էր քշում, էլի տանում-բերում են դատարան, մի պատճառով, է՜, արդարություն չեն ուզում հաստատեն (ևս մեկ խոստովանական ցուցմունք Մանուկյանի կողմից՝ այս գործով արդարադատություն չի իրականացվել, դեռ պետք է իրականացվի-խմբ.), այլ որ ամեն անգամ մեկը Փաշինյանին հիշացնի, որ շարասյունդ հղի կնոջը սպանե՜ց, սպանեց եմ ասում… Էդ ամբողջ՝ Պողոս Պողոսյանի օպերացիան մեկ-երկու տարի ա՝ մենակ մի բանի համար ա, Նիկոլ Փաշինյանը հազար տեսակ սպանությունների ու զոհերի ժամանակ (կարողանա հակադարձել)։ Ալեն Սիմոնյանը երևի սեղանի տակով առանց պպզելու անցնում էր, երբ որ Պողոսի դեպքը եղել ա, կամ ԿաՎեԷն-ում խաղում էր, կամ Ջուսի կլիպներում էր նկարվում, երբ որ դրա վրա նույն Դաշնակցությունը քաղաքական պայքար էր մղում, դրա դեմ քաղաքական պայքար էր մղում»։

Մանուկյանի բերանից ենթագիտակցորեն առաջինը դուրս պրծած բառը՝ «դրա վրա», ավելի ճշմարտացի էր, քանի որ եթե Դաշնակցությունը «դրա դեմ» պայքար մղեր, ապա դժվար թե լիներ ազատության մեջ և մեծ հավանականությամբ կվերադառնար այնտեղ, որտեղից որ դուրս էր եկել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց հետո և գործունեության երաշխիքներ ստացել։

Մանուկյանը անկեղծ լինելու պարագայում պետք է որ հայտարարեր՝ ուրացանք Պողոսին, քանի որ չուրանալու՝ Ռոբերտ Քոչարյանին «պողոսասպան» անվանելու դեպքում մեծ հավանականությամբ ստիպված կլինեինք առանց պպզելու անցնել սեղանի տակով, «էշ մըլիցա» խաղալ, ընդհուպ՝ լուսանկարվել «Playboy» անունով հայտնի ժուռնալի համար…

Հ.Գ. Ի դեպ, Մանուկյանի ասած «ալկոհոլիկ» վկան՝ Ս. Ջ. Նյուտոնը, 2019-ին «Ազատության» հետ հարցազրույցում նշել էր, որ Պողոսյանի սպանության հաջորդ օրն իսկ Հայաստանում Բրիտանիայի դեսպանը օգնել է իրեն մեկնել Ռումինիա, քանի որ իր անվտանգության հետ կապված անհանգստություններ են ունեցել: Նյուտոնը, սակայն, կնիքով հաստատված իր ցուցմունքը այդ երկրում բրիտանական հյուպատոսի ներկայությամբ ստորագրել և ուղարկել է Հայաստան: Գեղամ Մանուկյանին ու նրա լսարանին էլ, թերևս, պետք է հիշեցնել, որ սույն գործը վերաբացվել և դատական քննություն է սկսվել նախքան հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ 2021-ին։ Ս. Մնացականյանը մահացել է «Դիմադրության» շարժման օրերին՝ 2022 թվականի ապրիլի 26-ին, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում։

Հեղինե Մանուկյան