12/12/2024

2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2024 թվականի B կարգի VISA տրամադրելու մերժումների ցուցակը։ Դրանում նշված են երկրները և տվյալներ, թե այդ երկրների քաղաքացիների քանի տոկոսին է մերժվել ԱՄՆ զբոսաշրջային վիզայի տրամադրումը։

Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ զբոսաշրջային վիզա ստանալու համար մերժումների թիվը ՀՀ քաղաքացիների համար ավաելացել է՝ հասնելով 59.46%՝ նախորդ տարվա 51,49%-ի դիմաց։ Վիզաների մերժման հետ կապված իրավիճակը բարդ է նաև ԱՊՀ մյուս երկրների պարագայում։ 2024 թվականին Ղազախստանի քաղաքացիների համար մերժումներն ավելացել են մինչև 46,29% (2023 թվականին՝ 41,93%), Ուզբեկստանի պարագայում՝ 64,61% (59,56%)։

Միաժամանակ, նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում մերժման մակարդակը նվազել է։ Օրինակ՝ Բելառուսի քաղաքացիների համար այն նվազել է՝ 32,8%-ից հասնելով 28,79%-ի, Տաջիկստանի պարագայում՝ 54,96%-ից 45,24%: Ռուսաստանի քաղաքացիների համար 2024 ֆինանսական տարում այս ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել 2023 թվականի համեմատ:

Մերժման մակարդակը կազմել է 38,56%, ինչը նախորդ տարվա համեմատ (39,49%) ցածր է ընդամենը 1%-ով։ Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզաների մերժման ցուցանիշը եղել է 21,46%, Վրաստանի քաղաքացիների համար՝ 41,44%, Թուրքիայի՝ 19,78%, Իրանի՝ 55,54%:

Աշխարհի բոլոր երկրներից մերժումների ճնշող մեծամասնությունը ստանում են Սոմալիի քաղաքացիները (77%)։ Իսկ ԱՄՆ տուրիստական վիզա ամենից հեշտ ստանում են ԱՄԷ-ի (1.46%), Կիպրոսի (2.16%) և Ռումինիայի քաղաքացիները (2.61%)։