21/01/2025

Ալիևը դժգոհ է Բայդենից, իսկ ահա Թրամփի հետ մեծ հույսեր է կապում

Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պաշտոնական Բաքվի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։

«Թրամփն իշխանության է գալիս բոլորովին նոր օրակարգով, իսկ նրա առաջին պաշտոնավարման ընթացքում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ չեն եղել։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական են եղել, և մենք առաջընթաց ենք գրանցել շատ ոլորտներում:

Բայդենի վարչակազմի գլխավոր սխալն Ադրբեջանի հետ կապված այն էր, որ նա զոհաբերեց ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Այսինքն՝ Բայդենը Ադրբեջանին մոտեցավ հայ-ադրբեջանական կամ ամերիկա-հայկական հարաբերությունների պրիզմայով, և նախկինում ձեռք բերված լավ արդյունքները ստվերում մնացին։ Սա առաջինն է։

Երկրորդ՝ նա անարդար դիրքորոշում դրսևորեց Ադրբեջանի նկատմամբ, հատկապես Ղարաբաղի հարցում, իսկ դա անարդար դիրքորոշում էր՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Որովհետև ես բազմիցս և բացեիբաց հայտարարել եմ ամերիկյան ներկայացուցիչներին և մամուլում, որ դուք երկու ձեռքով պաշտպանում եք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ մատակարարելով զենք և միլիարդներ։ Բայց մենք էլ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ եք ուզում պատժել մեզ։ Պատասխան չկար։ Պատասխանն ակնհայտ է՝ դրանք երկակի չափանիշներ են։

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Բայդենի վարչակազմի սխալներից մեկն այն էր, որ նրա գործողությունները մեծապես խաթարեցին վստահությունն Ամերիկայի նկատմամբ։ Օրինակ՝ վերադառնալով Աֆղանստանի թեմային, Ադրբեջանը առաջին երկրներից էր, որ միացավ Աֆղանստան առաքելությանը և ուղարկեց ռազմական կոնտինգենտ և բազմապատկեց այն, ինչպես նաև լուծեց տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման հարցերը, որոնք շատ կարևոր էին Ամերիկայի համար։

Մինչ նրանք մեր կարիքն ունեին, նրանք սառեցրեցին մեր դեմ պատժամիջոցը՝ 907-րդ փոփոխությունը, բայց հենց որ նրանք այլևս մեր կարիքը չունեին, այն նորից ուժի մեջ դրեցին։ Այսպիսով, ինչ է դա: Սա կոչվում է երախտամոռություն: Սա անշնորհակալ քայլ է, իսկ ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել սրանից հետո։ Ինչպիսի՞ երկարաժամկետ համագործակցության մասին կարելի է խոսել։ Բայդենի վարչակազմից Սորոսի բարձր պարգևը հանել է բոլոր դիմակները։

Մենք ԱՄՆ-ի հետ լուրջ համագործակցության առանցքային հարթակ ստեղծեցինք Քլինթոնի և Ջորջ Բուշ կրտսերի օրոք, և դա շարունակվեց Թրամփի օրոք: Ուստի հույս կա։ Դեռևս հուլիսին, երբ ոչ ոք չգիտեր, թե ով կհաղթի և ով կպարտվի (ԱՄՆ նախագահական ընտրություններում – խմբ.), Թրամփի և Բայդենի այդ հայտնի բանավեճերը դեռ չէին կայացել, ես ուղղակի շահերի տեսանկյունից էի հայտարարեցի, որ Թրամփը քարոզում է մեր հասարակության ընդհանուր արժեքները՝ ընտանեկան արժեքներ, հոգևոր արժեքներ և այլն:

Թրամփն իր հայտարարություններով շատ հստակ, բաց ուղերձներ է հղում։ Հիմա, թերեւս, անհնար է վերլուծել այս ամենը։ Բայց կարող եմ ասել, որ ադրբեջանական հանրության ճնշող մեծամասնությունը կիսում է այդ արժեքները: Այսինքն՝ նրա հետ մեծ հույսեր կան։ Դրա համար էլ ասացի՝ հույսեր կան, մեծ հույսեր։ Սա ներառում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ռազմավարական մակարդակին մոտենալը։ Ես կարծում եմ, որ եթե երկու կողմերն էլ շահագրգռված լինեն, մենք կարող ենք ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի»,-ընգդծել է Ադրբեջանի ղեկավարը: