ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին առնչվող նամակագրական միջադեպին:
Ըստ ԲՏԱ նախարարի՝ Հակոբ Ասլանյանին մանկությունից է ճանաչել, քանի որ ապրել են նույն բակում, եղել են հարևաններ: Ասլանյանը նաև նախարարի ուսուցիչն է եղել, «Հայոց պատմություն» առարկայի կրկնուսույցը: 2016-ին ցանկություն է հայտնել ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, Մխիթար Հայրապետյանի միջնորդությամբ դա իրագործվել է: 2018-ին, երբ Հայրապետյանը նշանակվել է նախարար, Ասլանյանը նշանակվել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ 2021 թվականին ՔՊ թիմով դարձել է պատգամավոր:
Խոսելով հայտնի սքրինշոթի մասին, Հայրապետյանը հաստատել է, որ տեքստը, որը հրապարակել էր Ասլանյանը, հենց Հակոբ Ասլանյանինն է, բայց դա գրել է Հայրապետյանը, քանի որ Ասլանյանը պնդել է, որ չի կարողանում օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից:
«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ մեսինջերով: Ինձ զանգահարել է, ես իրեն այցելել եմ, գնացել եմ իր տուն, խոսել ենք, և ես հասկացել եմ, որ Հակոբ Ասանյանը պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատականներ է հնչեցրել: Ինձ առաջարկել է, որ իրեն օգնեմ՝ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո այդ տեքստն ուղարկել եմ իրեն. այն տեքստը, որը սքրինշոթով հրապարակել էր: Սա է ամբողջ եղելությունը:
Վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել Հակոբ Ասլանյանի հետ տարբեր պատճառներով, սակայն դա այդպիսի մի իրադարձություն էր, որ ես՝ առնվազն մարդ, որ 8 տարի առաջ միջնորդ եմ եղել, որ միանա իմ քաղաքական թիմին, համարել եմ, որ… Ինձ հետաքրքրել է պատճառը, փորձել եմ հասկանալ հիմքը, արմատը նեղսրտության, և ինքն ինձ հետ կիսվել է: Վերջնարդյունքում, կրկնում եմ, ինձ առաջարկել է իրեն օգնեմ, որպեսզի նման հայտարարություն դնի, որովհետև, ըստ էության, զղջում էր իր արած հայտարարության համար:
Որքանով է եղել անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, որքանով է պատահաբար հանկարծ տեքստի փոխարեն սքրինշոթ արել, որքանով է ցանկացել ինձ վնասել՝ ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը: Ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում: Այդ օրվանից հետո ես իր հետ չեմ խոսել, և առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում որևէ առիթ, որևէ շփում Հակոբ Ասլանյանի հետ մի քանի պատճառով»,- ասել է ԲՏԱ նախարարը:
Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանի վրա հնարավոր ճնշումներին, ըստ Մխիթար Հայրապետյանի՝ անիմաստ և անհիմն գնահատական է:
«Լավ չեք ճանաչում Հակոբ Ասլանյանին, որ մտածում եք, որ ես կարող եմ իրեն ճնշել: Լավ չեք ճանաչում ակնհայտորեն: Ամեն դեպքում, խոսում եք մի մարդու մասին, որը մի քանի պատերազմի մասնակցել է: Հիմա չկարծեք, թե Հակոբ Ասլանյանը շեղվել է քաղաքական իմ թիմից կամ դավաճանել է, և ես պիտի հանկարծ 1 վայրկյանում ուրանամ և կորցնեմ իմ մարդկային դեմքը:
Լավ չեք պատկերացնում, որ խոսում ենք մի մարդու մասին, որը չգիտեմ՝ ինչ պատճառներով է նման վարքագիծ դրսևորում, բայց ունի անցած ճանապարհ: Նրանք, ովքեր կկարծեն՝ կկարողանան նման ձևով վախեցնել, ճնշել, դա ընդամենը նշանակում է, որ իրեն չեն ճանաչում: Ես ճանաչում եմ: Այլ բան է, որ մի քանի գործոն կա, որ գուցե օրերից մի օր խոսեմ այդ մասին, որոնք ոչ այնքան լավ են խոսում ամբողջ պատմության մասին: Բայց հիմա զերծ կմնամ»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել էր, վերաբերել էր իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:
Այս նամակագրության վերաբերյալ էլ պարզաբանում էր տարածել ԲՏԱ նախարարի խոսնակը:
Դեկտեմբերի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է կուսակցությունից։
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան