10/02/2025

Թուրքիայի քաղաքացին կարող է թուրք չլինել, բայց պարտավոր է «օսմանցի լինել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դիարբեքիրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային համագումար է անցկացրել: Այդ միջոցառման անոնսը թուրքական մամուլն արել էր դեռևս անցյալ տարեվերջին:

Փորձագետները, սակայն, տպավորություն ունեին, որ Էրդողանը թուրքական Քրդստանի «մայրաքաղաք» կայցելի, եթե Քրդական բանվորական կուսակցության լուծարման, քրդական զինված պայքարին վերջ տալու հարցում քաղաքական առաջընթաց ապահովի:

Դատելով թուրքական մամուլի հրապարակումներից,՝ այդ քննարկումներում «շոշափելի ձեռքբերումներ կան»: Թուրք ծայրահեղ ազգայնական առաջնորդ Բահչելին խորհրդարանական քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչների հետ երրորդ հանդիպումից հետո լրագրողներին ակնարկել է, որ «Իմրալի կղզուց մոտ ժամանակներս հեռախոսազանգ է սպասվում»:

Խոսքը, անկասկած, Իմրալի կղզում ցմահ ազատազրկման պատիժ կրող Աբդուլլա Օջալանի մասին է: Նա, ըստ տեղեկությունների, խոստացել է հեռախոսազրույց ունենալ Քրդական բանվորական կուսակցության քաղաքական և ռազմական թեւի ղեկավարների հետ և հորդորել, որպեսզի հայտարարեն զենքը ցած դնելու, Թուրքիայի դեմ ռազմագործողությունները դադարեցնելու և երկրի քաղաքական համակարգին ինտեգրվելու մասին:

Ըստ երևույթին՝ հրապարակային հանդիպումներից զատ Օջալանի հետ աշխատում են նաև հատուկ ծառայությունների, ռազմական հետախուզության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների միջոցով: ՔԲԿ-ի առաջնորդը վերջերս նշել է ծննդյան 75-ամյակը, առողջության հետ կապված խնդիրներ ունի:

Նրան խոստացել են քրդական զինված պայքարը դադարեցնելու դիմաց «կենսապայմանների փոփոխություն ապահովել»: Հնարավոր է՝ դա տնային կալանքը լինի կամ որոշակի սահմանափակումներով պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակումը:

Սիրիայում վերջին փոփոխություններից հետո քրդական զինված պայքարի հնարավորությունները չափազանց սուղ են: Ներկա դրությամբ անդրեփրատյան տարածքներում «քրդական ինքնավարության» միակ երաշխավորը Միացյալ Նահանգների շատ սահմանափակ ռազմական ներկայությունն է: Անկարան հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչակազմը «կկատարի խոստումը և զորախումբը կհեռացնի»:

Դիարբեքիրում Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայում քրդական ինքնավարությունը համարել է Թուրքիայի «պարանոցին իմպերիալիստների շղթայի վերջին օղակը», որ ինքը պատրաստվում է կտրել: «Մենք միշտ սիրել ենք ձեզ, սիրել ենք և սիրում ենք Դիարբեքիրը»,- հայտարարել է նա և մեկնաբանել, որ «ահաբեկչության դեմ պայքարը քուրդ եղբայրների հետ ոչ մի կապ չունի»:

Էրդողանը սուր քննադատության է ենթարկել քաղաքական այն ուժերին, որ «տասնամյակներ շարունակ արհամարհել են երկրի սովորույթները և հավատքը»: Նրա հարձակումների թիրախն, ամենայն հավանականությամբ, աշխարհիկ-արևմտամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է, որ հիմնադրել է Մուստաֆա Քեմալը:

Նրա անձը, հիշատակը Թուրքիայում օրենքով անձեռնմխելի է, բայց առաջին անգամ չէ, որ Էրդողանը քեմալականությունը երկրի համար «վտանգավոր է» որակում:

Իշխող կուսակցության Դիարբեքերի տարածաշրջանային համագումարում Թուրքիայի նախագահի ելույթի հիմնական ասելիքը, եթե դիվանագիտական և կրոնա-բարեխոսական մանվածապատությունից վերացարկվենք, մեկն է:

Թուրքիայի քաղաքացին կարող է թուրք չլինել, որպես այդպիսին ինանագիտակցվել, բայց նա պարտավոր է «օսմանցի լինել»: Նա հայտարարել է, որ Դիարբեքիրն այն հողն է, որտեղ միավորվել են թուրքական տարբեր ցեղախմբերը:

Ներքին ի՞նչ խմորումներ են Թուրքիայում, Էրդողանին կհաջողվի՞ խաղաղ ճանապարհով հնազանդեցնել քրդական զինված պայքարի առաջնորդներին՝ ցույց կտա արդեն տեսանելի ապագան: Չափազանց կարեւոր է, թե նա «նոր-օսմանականության» այդ դոկտրինն ինչպես է մատուցելու միջազգային քաղաքականության հիմնական դերակատարներին: «Թուրքիան այն չէ, որ 709 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունի»,- Բաշար Ասադի ռեժիմի տապալումից մի քանի օր հետո ասել է Էրդողանը:

Իսկ ո՞րն է, պայմանականորեն ասած՝ «ոչ տիտղոսային Թուրքիան»: Ներքին Թուրքիայում առաջադրվում է «դու կարող ես թուրք չլինել, բայց օսմանցի լինել պարտավոր ես» կոնցեպտը: Թուրքիայի «արտաքին օսմանականության» սահմանը ո՞րն է: