14/01/2025

Ո՞վ է Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը

Տարին սկսվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտալից ասուլիսով, որն այլ խոսքով, քան պատերազմի անոնս, դժվար է անվանել:

Ալիևի սանձարձակ ելույթից հետո Հայաստանի իշխանության արձագանքն առավել քան կանխատեսելի էր:

Հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել այնպիսի փակուղային իրավիճակում, որ իշխանության այլ պատասխան, թերևս, հնարավոր չէր ակնկալել:

Բայց եթե բանն այսքանով ավարտվեր, թերևս, արձանագրեինք, որ գործ ունենք չարյաց փոքրագույնի հետ:

Սակայն, Փաշինյանի իշխանությունն արեց հնարավորը՝ ապացուցելու համար, որ գործ ունենք անմեղսունակ, ոչ ադեկվատ քաղաքական թիմի հետ:

Կառավարությունը վերջին նիստում հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագծին ու սա այն դեպքում, երբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:

Երբ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի հետ «պատերազմից հինգ րոպե պակաս» ռեժիմում, Փաշինյանը, փաստորեն, որոշեց բացահայտ թշնամական քաղաքականություն վարել նաև Ռուսաստանի նկատմամբ:

Էլ չեմ ասում այն մասին, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումների տարափ է թափում բոլորիս վրա՝ ակնհայտ զառանցանքը հրամցնելով որպես քաղաքական, փիլիսոփայական պրոդուկտ:

Այս պարագայում այնքան էլ հռետորական չի հնչում հարցը, թե ո՞վ է Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը:

Սուրեն Սուրենյանց; ԴԱԿ կուսակցության նախագահ