18/01/2025

ԱԴԾ կողմից հերթական իբր ծրագրված ահաբեկչություն է կանխվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Յարոսլավլի մարզի պաշտպանական ձեռնարկություններից մեկում Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ծրագրված ահաբեկչություն է կանխվել։

Ըստ գերատեսչության` Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել, որը պատրաստվում էր թունավոր քիմիական նյութեր օգտագործել ձեռնարկության աշխատակիցներին թունավորելու համար։

«Ձերբակալվածը ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից կահավորված թաքստոցից երկու տարա է հանել, որում շնչուղիների այրվածքներ առաջացնող և մահվան հանգեցնող թունավոր նյութեր են եղել: Նա ծրագրում էր դրանք լցնել ընկերության աշխատակիցների մեքենաների օդատարների մեջ», – պարզաբանել է ԱԴԾ-ն։

Հատուկ ծառայության տվյալներով՝ կասկածյալի գործունեությունը օտարերկրյա մեսենջերների միջոցով համակարգվել է Ուկրաինայի տարածքից։

ԱԴԾ-ն հիշեցրել է, որ սա ուկրաինական հատուկ ծառայությունների նախաձեռնած` քիմիական նյութերի օգտագործմամբ ահաբեկչության առաջին փորձը չէ։ 2023 թվականին Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ էր ձերբակալվել, որը Արմավիրում հոբելյանական խնջույքի ժամանակ փորձել էր թունավորել խմիչքներն ու հրուշակեղենը։ 2024 թվականին Սանկտ Պետերբուրգում ՌԴ չորս քաղաքացիներ էին ձերբակալվել, որոնք ծրագրում էին թունավորել ռուս զինվորականների համար նախատեսված սննդամթերքը։

2024 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի BZ մարտական թունավոր նյութի անալոգի օգտագործմամբ ահաբեկչական հարձակման փորձ էր կկանխվել Զապորոժիեի մարզում: Ուկրաինայի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել էին ԱՄՆ-ում մշակված քիմիական նյութեր, որոնք կարող էին օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծելու համար։

Նշված բոլոր միջադեպերը հետաքննվում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և քիմիական զենք ստեղծելու հոդվածներով հարուցված քրեական գործերի շրջանակներում։