Դավոսում ոչ միայն տեղի չունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում, այլ գործնականում անգամ չշոշափվեց դրա հնարավորությունը: Նկատի ունեմ կազմակերպիչների մակարդակում խոսակցության բացակայությունը:
Դա նշանակու՞մ է, որ կա որոշակի հետաքրքրության անկում: Հնարավոր է, որովհետեւ հիմա տեղի են ունենում պրոցեսներ, որոնց համեմատությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը ըստ էության շատ- շատ փոքր հանգամանք է:
Դավոսում նրանք հանդիպել էին 2019 թվականին: Հանդիպումը տեւել էր գրեթե մեկուկես ժամ: Ընդ որում, դա Փաշինյան-Ալլիեւ կարծես թե երկրորդ հանդիպումն էր: Առաջինը եղել էր Դուշանբեում, 2018-ի սեպտեմբերին: Թեեւ այն ստացել էր «վերելակային դիվանագիտություն» անվանումը, բայց դա անշուշտ այլ բան չէր, քան ընդամենը տեղեկատվական իմաստ ունեցող շրջանառություն, որովհետեւ Դուշանբեում նրանց հանդիպումը եղել էր «ոչ վերելակում» եւ տեւել գրեթե մեկ ժամ:
Ի դեպ, այդ առումով թերեւս արժե հիշատակել հատկանշական այն հանգամանքը, որ Դուշանբեում այդ հանդիպումից մեկ օր առաջ Բաքու էր մեկնել Վլադիմիր Պուտինը: Դա հատկանշական է նրանով, որ Պուտինը մինչ այդ՝ սեպտեմմբերի սկզբին, Մոսկվայում հյուրընկալել էր Ալիեւին: Եվ այն, որ նա Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին մեկնեց Բաքու, իսկ հետո այնտեղից մեկնեց Դուշանբե, իսկապես ուշադրության արժանի էր: Որովհետեւ, հնարավոր է, որ Պուտինի այցը պայմանավորված էր հենց Փաշինյան-Ալիեւ հանդիպման «նախապատրաստության» նկատառումով:
Վերադառնալով Դավոսում «չկայացած» հանդիպմանը: Ինչպես նշել եմ դեռ նախորդ տարեվերջից, Տրամպի պաշտոնամուտը նշանակելու է որոշակի փոփոխություններ աշխարհաքաղաքական այն մեծ սակարկության համատեքստում, որ ծավալվում է գերտերությունների միջեւ: Դա բնականաբար իր ազդեցությունն է թողնելու նաեւ հայ-ադրբեջանական պրոցեսի վրա, որը վերջին հատկապես երկու տարիներին ավելի շուտ գտնվում էր ԱՄՆ վարչակազմի ակտիվության եւ նախաձեռնողականության ազդեցության ներքո:
Ու, քանի որ տեղի է ունենում վարչակազմի փոփոխություն, ընդ որում մոտեցումների շատ էական փոփոխություններով, ապա հայ-ադրբեջանական գործընթացը ներկայումս պայմանական իմաստով հայտնվում է «անցումային փուլում»: Նաեւ այստեղ է, որ իրավիճակը ստանում է ռիսկայնության բավականին բարձր աստիճան:
Հակոբ Բադալյան
Բաց մի թողեք
Ինչ է ասում, ասել Ռոբերտ Քոչարյանը, ինչու են անհանգստացել ՔՊ սին ստատուսագիրները
Իրանցիները կրկին շատ չեն խոսում, այլ գործում են, հայերս, ցավալիորեն, միայն խոսում ենք
Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է. Մարության