Երբ 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն քվեարկեց մի հայտարարության օգտին, որը բացառում էր կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում և հայ-ադրբեջանական բանակցությունները որակեց «խաղաղության պատրվակով անընդունելի կարգավիճակի պարտադրում, որի իրավունքը ոչ մի իշխանություն չունի»,- քաղաքական գործիչներից և փորձագետներից ոչ ոք ուշադրություն չդարձրեց խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի հետևյալ ձևակերպմանը. «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ քննարկումները մեզ համար անընդունելի են»:
Հայտարարության շուրջ մտքերի փոխանակությանը խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն այսպիսի հարցադրում արեց՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Խոսում եք Արցախի ժողովրդի իրավունքների մասին առանց հստակ հայտարարելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու: Եթե Ադրբեջանի կազմում եք պատկերացնում այդ իրավունքները, ապա ոչ իրավունքների, ոչ էլ ազատությունների մասին այլևս խոսելու կարիք չկա: Չի լինելու Արցախում ապրող հայ, որի իրավունքները պետք է երաշխավորել, սա ապացուցման կարիք չունեցող պարզ ճշմարտություն է»:
Հակասությունն ակնհայտ է: Ազգային ժողովի նախագահ Թովմասյանն ասում է, որ Արցախը չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, իսկ «ԱԺԿ» խմբակցության պատգամավորն առհասարակ Ադրբեջանի կազմում Արցախի ոչ միայն քաղաքական, այլև առարկայական գոյությունն է անհնար համարում:
Խորհրդարանական քննարկումներում, ինչ խոսք, նույն հարցի շուրջ տեսակետների նրբերանգային տարբերությունը բնական է: Մանավանդ որ ԱԺ նախագահը ներկայացնում էր այսպես ասած իշխող քաղաքական ուժը, Գեղամ Ստեփանյանը՝ միայն երկու պատգամավոր ունեցող կուսակցությունը:
Այդուհանդերձ, Արթուր Թովմասյանի պատմա-քաղաքական փաստագրումը, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուշագրավ է այն առումով, որ նա Արցախի հետագա գոյությունը չի տեսնում անկախ Ադրբեջանի կազմում: Եթե դա «լեզվի սայթաքում» չէ, ապա Թովմասյանի ասածից հետեւում է, որ Արցախը «կարող է լինել ոչ անկախ Ադրբեջանի կազմում»:
Ազգային ժողովի այդ նիստին ներկա է գտնվել նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Ահա մի հատված նրա ելույթից: «Վճռվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը:
Խոսելով Արցախի կարգավիճակի մասին, պետք է նշել, որ մենք նշաձողեր այլևս չունենք, մենք ունենք կարմիր գծեր, և այդ կարմիր գծերի հատումը կբերի ողբերգության: Ադրբեջանի կազմում Արցախը մեկ ապագա ունի՝ ցեղասպանություն… Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու»:
Դիտարկվում է քաղաքական երկու խոսույթ: Արցախը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում, դա «ցեղասպանություն է», իսկ Արցախի կորուստը՝ «հայոց պետականության ոչնչացում»: Եվ եթե համադրենք, ապա կստացվի, որ Արցախը «կարող էր մնալ ոչ անկախ Ադրբեջանի կազմում, որով կերաշխավորվեր հայոց պետականության, ՀՀ հետագա գոյությունը»:
Կարելի է, իհարկե, վարկածել, որ իրավիճակից ելքի նման ձևակերպումը Ստեփանակերտի քաղ էլիտայի «ռոմանտիզմ» էր և արտաքին որևէ աջակցություն չուներ: Բայց նոյեմբերի 9-ից հետո ի՞նչ «ռոմանտիզմ» և ի՞նչ «կարմիր գծեր», որ կարող էր սահմանել Ստեփանակերտը,- ահա, թերևս, ոչ հեռավոր անցյալի գնահատման «բանալին» այդ՝ բոլոր առումներով անոմալ, դիրքորոշման խորքային ընկալումն է:
Կա՞ր ներշնչվածություն, որ Ռուսաստանը քառասունչորսօրյա պատերազմով լուծում է «միութենական պետության» ինստիտուցիոնալացման խնդիր: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի «պրոտեկտորատի» հարց քննարկվու՞մ էր:
Իլհամ Ալիևը խոստովանել է, որ զինադադարի ֆորմալ ձևակերպումներից զատ ձեռք է բերվել «ջենթլմենական համաձայնություն», որ Լեռնային Ղարաբաղում «ամեն ինչ մնում է՝ ինչպես կա»: Այսինքն, դե-ֆոկտո իրավիճակը կողմերն ընդունում են որպես «գետնի վրա իրողություն»:
Այդ ստատուս-քվոն պետք է հասունացներ Ադրբեջանի և Հայաստանի «եվրասիական ընդհանուր տան անդամակցությու՞ն»: Ստեփանակերտը համաձայնություն էր տվել, որ «միութենական պետության» կազմավորման դեպքում Արցախը կմնա ոչ անկախ Ադրբեջանի կազմում: Հայոց պետականության, ՀՀ պահպանման «պայմանը» դա՞ էր:
Բաց մի թողեք
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․
Մի՞թե Էրդողանն ընտրել է «պատերազմի արտահանման սպառնալիքով» իշխանությունը երկարաձգելու տարբերակը
Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցները․ Լուսանկարներ