Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի «ֆոկուս» արվեց Վանաձորում երկու անգամ՝ ավագանու ընտրությունների արդյունքները խեղելու նպատակով: Սկզբից, «նախկինների» ժամանակ, ամեն ինչ արվեց, որպեսզի Մամիկոն Ասլանյանը դառնա քաղաքապետ՝ այդ նպատակով «կոշիկները փոխեց» ՕԵԿ-ը:
(Նմանատիպ հնարք կիրառվեց նաեւ Երեւանի ավագանու վերջին ընտրություններում): Այնուհետեւ, արդեն ներկա, «ոչ կոռումպացված» իշխանությունների օրոք, ամեն ինչ արվեց, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա: Այս պարագայում լուծումն ավելի կոպիտ էր՝ ընտրություններում հաղթող դաշինքի ղեկավարին պարզապես ձերբակալեցին:
Բացառված չէ, որ այդպիսի մի բան տեղի կունենա նաեւ Գյումրիի ավագանու ընտրություններում, եւ քաղաքապետ հռչակվի իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը: Բայց նման հնարավոր ելքի հեռանկարն ամենեւին չի նշանակում, որ գյումրեցիները չպիտի գնան ընտրությունների կամ, որ մնացած, ոչ ՔՊ-ական ուժերը չպիտի պայքարեն: Ինչպես հայտնի է, լինում են «հաղթանակներ», որոնք ընդունված է անվանել «պյուռոսյան»՝ այն թագավորի անունով, որն ասել է՝ «եւս մի այդպիսի հաղթանակ, եւ ես կմնամ առանց զորքի»:
Ո՞րն է այստեղ խնդիրը. քանակական փոփոխությունները կուտակվում են դանդաղ եւ գուցե աննկատ, իսկ դրանց արդյունքում որակականը ի հայտ է գալիս միանգամից եւ «անսպասելի»: Նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաեւ բնության մեջ: Ռուսական արմատներով բելգիացի ֆիզիկոս Իլյա Պրիգոժինը հայտնաբերել է, որ անկանոն փոփոխությունների ընթացքում գալիս է մի պահ (այն կոչում են «բիֆուրկացիայի կետ»), երբ դրսի միջամտությամբ կամ պատահականության ազդեցության տակ համակարգը կա՛մ դառնում է է՛լ ավելի անկանոն, կա՛մ ձեռք է բերում ավելի բարձր կազմակերպվածության մակարդակ:
Ընտրությունների արդյունքների շարունակական խեղումը, ինչպես որ դա տեսել ենք նաեւ նախկինում, ունի հանգուցալուծման երկու տարբերակ. 1/ հիասթափություն ընտրական համակարգից, կատարյալ ապատիա կամ, հակառակը՝ կյանքը այլ ճանապարհներով փոխելու ձգտում, 2/ ավելի կատարյալ համակարգի ձեւավորում, երբ վերոհիշյալ «ֆոկուսները» հնարավոր չեն:
Երկրորդ տարբերակն, իհարկե, ավելի ցանկալի է: Բայց հասարակական կյանքում նման բարենպաստ փոփոխությունները ինքնաբերաբար չեն կատարվում: Ոչ-ՔՊ-ական քաղաքական ուժերը պետք է համագործակցեն եւ ակտիվացնեն ընտրողներին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը