19/03/2025

Ինչպես կարելի է չմասնակցել քեզ ծառայողի ընտրությանը, հետևանքները դու ես կրելու․ Դավիթ Առուշանյան

Այցելել էինք Գյումրի, որտեղ մարտի 30-ին տեղի կունենան ավագանու համամասնական, որ սովորաբար հանրությունը անվանում է քաղաքապետի ընտրություններ, որովհետև ընտրացուցակները գլխավորողները քաղաքապետի թեկնածուներն են։ Հարցազրույցներ ենք ունեցել նրանց հետ, մեր սոցիոլոգիական ավանդական փորձառությամբ հարցումներ ենք անցկացրել փողոցներում՝ ՀՀ քաղաքացիների, գյումրեցիների հետ։ Արդյունքների մասին՝ առանձին հրապարակմամբ։

Բացի ընտրացուցակները գլխավորող թեկնածուներից՝ զրուցեցինք նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ, ում հետ զրույցում միայն տեղեկացանք, որ նա է գլխավորելու ՔՊ քաղաքապետի թեկնածու, ներկայում Գումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբը։

Ի դեպ, Սարիկ Մինասյանի հետ մեր կապվելու բոլոր փորձերը՝ հեռախոս, սոցիալական ցանցեր, վորցափ ․․․ այդպես էլ մնացին անպատասխան ու անհաղորդ, ինչպես հայտնի՝ Խոշոր շահում ֆիլմում է ասվում․ Նա զբաղվա՛ծ է, նա բենզին չունի՛ ․․․

Շիրակի մարզպետ, ոչ վաղ անցյալում ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու փոխհամայնքապետ Դավիթ Առուշանյանը հարգանքով ընդունեց մեր առաջարկն ու բովանդակալից զրույց ունեցանք։

Պարոն Առուշանյան, օրենսդիր մարմնից տեղափոխվեցիք գործադիր՝ մի ամբողջ մարզ ղեկավարելու։ Ավելի թեթև ու հանգիստ չէր ԱԺ-ում աշխատանքը։ Ու, Շիրակի մարզը՝ լինելով սոցիալապես ամենամեծ խնդիրներ ունեցողը, ինչպես է ապրում այսօր։

Մինչ օրենսդիր մարմնում աշխատանքը ես ևս գործադիրում եմ եղել՝ Գյումրու փոխհամայնքապետի պաշտոնում։ Իհարկե անհամեմատելի են օրենսդիր ու գործադիր մարմինների աշխատանքները, միևնույն ժամանակ, երբ պատասխանատվություն ես ստանձնում ծառայել ժողովրդին՝ կապ չունի, թե որ ոլորտում ես այն կատարում։ Ըստ այդմ՝ ստեղծում ես օրակարգ ու առաջնորդվում դրանով։ Տարբերությունն այն է, որ խորհրդարանում դու ես սահմանոմ գրաֆիկը, իհարկե՝ քառօրյա ու հանձնաժողովների նիստերը չհաշված, իսկ ահա մարզպետարանում կա հստակ օրակարգ ու հստակ պատասխանատվության գոտիներ ․․․

Այսօրվա Ձեր պատասխանատվության գոտում, հասկանալի է, որ բոլոր ոլորտներն են ուշադրության արժանի, սակայն Դուք որոնք եք կարևորում, ու որոնցում ունեք առաջընթաց։

Սկզբունք եմ որդեգրել, որ Շիրակի մարզում պատասխանատու եմ բոլոր ոլորտների ու բնակիչների համար, ուստի՝ չկա այդպիսի ոլորտ, որ ուշադրություն չգրավի։ Հաշվի առնելով իմ աշխատանքային փորձը, երեք ոլորտներ կան, որոնք առավել ուշադրության են արժանի․ կրթությունը, առողջապահությունն ու շինարարությունը, որոնցում՝ անթույլատրելի է որևէ շեղում։

Չնայած կարճ ժամանակ է, ինչ պաշտոնավարում եք, այնուամենայնիվ՝ ինչ եք հասցրել անել, որոնք են ընթացքի մեջ ․․․

Վերըթվարկածս ոլորտների ծրագրերի վրա խիստ վերահսկողություն է սահմանված, բացի այդ բոլոր այն պետական կառույցներում, որոնց լիազոր մարմինը մարզպետարանն է՝ հաստիքների ու բյուջեների հաստատում, առավել վերահսկվում է, որպեսզի հավելյալ որևէ բան չլինի։ Բացի այդ՝ սումբվենցիոն ծրագրերն են, որ ստացվում են համայնքապետարանների կողմից, դրանք են ընթացքի մեջ։ Հանդիպումներ եմ ունենում կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ, հստակ դիրքորոշումս եմ փոխանցել, որ շեղումներն անթույլատրելի ու աններելի են։ Կարճ ժամանակահատված է, ինչ ես պաշտոնավարում եմ, ուստի՝ չեմ կարող ասել, թե որևէ կերպ լուծել եմ տնակներում ապրող կամ առհասարակ սոցիալապես անապահով խավերի խնդիրները, բայց մեր բոլոր գործընկերները հստակ հասկանում են, թե մարզպետարանն ինչ կոնկրետ կարմիր գծեր ունի ․․․

Այսօր մենք Գյումրի ենք այցելել մարտի 30-ին կայանալիք քաղաքապետ – ավագանու ընտրությունների խնդրով, որին մասնակցում են 9 քաղաքական ուժեր։ Ըստ Ձեզ, փորձարկվում է 2026 թ․ խորհրդարանական, համապետական ընտրությունները՝ Հանրապետության երկրորդ կամ՝ հայրաքաղաքում։

Այո, վստահ եմ, որ բոլոր առաջադրված ուժերի այս մրցապայքարը դրան է միտված։ Թեև՝ ես այլ բնորոշում եմ տվել, ինն են, իրականում՝ 2 – 3 ուժեր են՝ գործող և նախկիններ։ Կա իշխանական Քաղաքացիական պայմանագիրը և տարբեր ուժեր, որոնց դերերը բաշխված են խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի կողմից։ Ես չեմ հավատում, որ ԱԺ-ում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերը հետաքրքրված չեն Գյումրու ընտրություններով։ Այո, Գյումրին ցուցիչ է եղել բոլոր ժամանակներում ու բոլոր քաղաքական ուժերի համար, ուստի այսօր հրապարակ են նետվել հենց 2026 թ․ ընտրություններում խաղաքարտեր ունենալու համար։ Որպես գյումրեցի, ինձ համար անընդունելի է, որովհետև այս ընտրությունները գյումրեցո կյանքի որակի մասին է, ոչ թե 2026 թ․ համապետական ընտրության խաղաքարտերի։

Ես եմ լինելու ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի շտաբի պետը, թեև՝ հիմա զրուցում ենք որպես մարզպետ, որովհետև դեռևս արձակուրդի մեջ չեմ, նաև՝ ավագանու թեկնածու եմ, եզրափակում եմ ՔՊ համամասնական՝ 99 անուններով, ընտրացուցակը, երբեմն գյումրեցուն հարիր հումորով ասում ենք՝ 01-99, հայտնի ֆիլմի անվամբ, որտեղ Սարիկ Մինասյանը 01-ն է, ես՝ 99-երորդը։ Ես գնահատում եմ գյումրեցու խոհեմության շանսերը, մինչ այժմ բոլոր որոշումները կշռադատված են եղել ․․․ Հուսամ՝ բոլորը գիտակցված կմասնակցեն ընտրություններին ու իրենց քայլը կկատարեն։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, թերևս այդքան էլ շատ իրավունք չեն ունենա բողոքելու։ Վստահ եմ նաև մեր ուժի վրա, մենք ժողովրդին ասելիք ունենք ․․․

Սովորաբար շեշտադրում է կատարվում ուղիղ ներդրումներկի վրա, սակայն ոչ պակաս կարևոր է նաև, երբ ուսուցիչները ատեստավորման արդյունքում 200 – 300 հազար աշխատավարձ են ստանում, ինչը կյանքի որակի տարբերության մասին է։

Ճիշտ է, պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է մարտի 15-ին, սակայն Գյումրիում կարծես ամեն բան վաղ է սկսվել։ Որպես իշխանության ներկայացուցիչ, ինչ եք կարծում, որքանով քաղաքակիրթ կընթանա քարոզարշավը, կամ՝ այսօրվա դրությամբ ինչպիսին է պատկերը։ 

Ես կուզենամ, որ Գյումրու ընտրությունները լինեն յուրահատուկ՝ քաղաքակրթական մակարդակի, որպիսին երբեք չենք ունեցել՝ զսպվածության, համերաշխության, սիրո մթնոլորտում, բայց հաշվի առնելով մրցակցությունը, վստահ չեմ, որ ամբողջությամբ կկարողանանք ապահովել այդպիսի մթնոլորտը, թեև՝ ցանկությունը շատ մեծ է։ Իմ կարծիքով, ընտրությունները չպետք է պատճառ հանդիսանան, որ մարդկանց կամ ընտանիքների միջև թշնամություն ստեղծվի, ընտրություններից հետո էլ կյանքը շարունակվելու է, չի կարելի փոքր բաների համար մեծ արժեքները ոտնահարել։ Քաղաքում բոլորս բոլորին ճանաչում ենք, շփումներ ունենք, շատ անգամ խաչվում են ընտանեկան, բարեկամական շրջանակների հարաբերությունները՝ ընկերներ, ազգականներ, բարեկամներ ․․․

Պարոն Առուշանյան, դուք եղել եք Գյումրու փոխքաղաքապետ, այժմ՝ Շիրակի մարզպետ, ըստ Ձեզ, որն է Գյումրի քաղաքի գլոբալ խնդիրը։

Գյումրու քաղաքապետարանի ամենամեծ խնդիրը՝ քաղաքը շատ ավելի արագ է զարգանում, քան քաղաքապետարանը կարող էր զարգացնել։ Քաղաքապետարանը շատ ետ է բնականոն զարգացումից։ Քաղաքապետարանը քաղաքի զարգացման խարիսխն է, փոխարենը՝ պետք է լինի լոկոմոտիվը։ Գյումրին զարգանում է շատ դինամիկ, իսկ քաղաքապետարանը գործում է իներցիոն ուժով, իրար հետ համահունչ չեն։ Հենց բալանսավորենք այդ ամենը՝ զարգացումը համընթաց կլինի, ինչի գործիքներն ունենք՝ թվայնացումը, օպտիմալացումը, քաղաքացիների ու քաղաքապետարանի փոխհարաբերությունների հստակեցումը ․․․

Այսօր՝ մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, մեկնարկում է կանանց, գեղեցկության ու մայրերի մեկամսյակը․ Ձեր շնորհավորական խոսքը Շիրակի մարզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։

Շնորհավորում եմ, բնականաբար, առաջին հերթին՝ մայրիկիս, կնոջս, երկու դուստրերիս, մարզպետարանի բոլոր կին աշխատակիցներին, Շիրակի մարզի ու Գյումրու բոլոր կանանց ու մայրերին, աղջիկներին․ ցանկանոմ եմ կանացի երջանկություն, որ նրանք լինեն հնարավորինս անհոգ՝ բոլոր առումներով, երբ մարդը լինում է ծանրաբեռնված քիչ հոգսերով, նրա կյանքի տևողությունն էլ է երկարանում, որակը՝ բարձրանում, իրենք՝ երջանիկանում։

Եվ վերջում․ Ձեր կոչը, խոսքը գյումրեցիներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ ում ընտրել, ինչը մեր ոչ տեսահարցումների համաձայն կարծես բարձր է։

Տեսահարցումներ եմ տեսնում, երբ լրագրողը քաղաքացուն հարցնում է՝ մասնակցելու եք քաղաքապետի ընտրությնուններին, պատասխանը լինում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ինձ համար, դա շատ տարօրինակ արտահայտություն է, որովհետև դու ոչ թե քաղաքականությամբ ես զբաղվում, այլ ընտրում ես քո քաղաքի կառավարիչին, ով 5 տարի կառավարելու է քո կյանքի որակը, առօրյան, քո երեխաների մանկապարտեզը, այգիները, մաքրությունը ․․․ Ասել, թե դա զուտ քաղաքականություն է, ինձ համար անընդունելի է։ Գյումրեցին խիստ պատասխանատու պետք է վերբերվի քաղաքապետի ընտրություններին, որովհետև դրանից է կախված իր հետագա կյանքի որակը նաև։ Ինչպես կարելի է չմասնակցել քեզ ծառայողի ընտրությանը, հետևանքները դու ես կրելու։ Տարիներ շարունակ եղել է  այդ խնդիրը, ով է տուժել՝ շարքային գյումրեցին։ Ընտրությանը մասնակցությունն ընդգծում է մարդկանց քաղաքացի լինելը, ով ունի հստակ սոցիալական պատասխանատվություն։