09/03/2025

Ինչ-որ մեկը հանդես է գալիս ժողովրդի անունից, հետին մտքեր ունի, վերցրեք փայտը, մի լավ ծեծեք

Օրեր առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն արտասովոր մի հայտարարություն արեց, որը պատշաճ ուշադրության չարժանացավ կամ, թերեւս, մնաց փետրվարյան այդ շրջանի ավելի աղմկոտ աշխարհաքաղաքական անցքերի ժխորում:

Նա ասաց. «Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին… Երբ ժողովուրդը կգա, դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, իշխանությունը կտամ իրեն»: Ըստ նրա, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Թվում է՝ ամեն ինչ այնքա՜ն հեշտ ու թեթեւ է՝ մեկ կում ջուր խմելու պես: Բայց այդպես միայն թվում է:

Ժողովրդի անունից շատերն են խոսում՝ տեղի-անտեղի: Փողոցով անցնելիս՝ մեկ էլ լսում ես. «Ժողովուրդն այս ստերից ո՜նց է հոգնել», «Կգա ժամանակը, եւ ժողովուրդը կասի իր խոսքը», «Ո՞վ է ժողովրդին մարդատեղ դնում որ», «Ժողովուրդը չի ուզում Նիկոլին» եւ այլն: Սրանք կենցաղային մակարդակում նկատվող առտնին խոսակցություններ են, որոնց կարելի է եւ ուշադրություն չդարձնել:

Բայց կան ժողովրդի անվան շահարկումների ավելի լուրջ ու վտանգավոր դրսեւորումներ, որոնք արվում են պաշտոնատար անձանց կողմից՝ հանուն իրենց նեղ, անձնական շահերի ու շահադիտական այլ նկրտումների: Փաշինյանի հայտարարությունն այդ վտանգավորների շարքից է:

Ասում են՝ աշխարհի մեծագույն անօրինականություններն ու հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից: Բավական է հիշել Ռոբեսպիերին ու Մադամ Տյուսոյին (Գիլյոտինին), հիշել ռուսական «ՉէԿա»-ի (Чрезвычайная Комиссия) ահաբեկչությունները, Կամբոջայի բռնապետ Պոլ Պոտի դեռահաս մարդասպանների դաժանությունները եւ, ինչու չէ, նաեւ 2018-ին փողոցից եկած «թավշյա իմքայլականների» պատճառած մարդկային ու նյութական ահռելի կորուստները:

Երեւի ավելի ազնիվ էր Մեծն ինկվիզիցիան, որն Աստծո անունից էր հանդես գալիս ու ժողովրդին հանգիստ էր թողել:

Իրականում ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում՝ նույնիսկ ընտրությունների ու հեղափոխությունների ժամանակ: Ժողովուրդը որոշակի դավադրության, քարոզչության, քաղտեխնոլոգիայի շրջանակում կարող է ընդամենը օգտագործվել՝ լեգիտիմացնելու այս կամ այն գործընթացը, որին իրեն կանխավ ներշնչել են։ Եվ պետք չէ ժողովրդին մեղադրել, որ երբեմն չի հաջողվում նրան ներշնչել ինչպես հարկն է, ուղղորդել ու լեգիտիմացնել վերադասի ուզածը։

Իսկ վերադասի ուզածը հիմնականում իր իշխանությունն անառիկ պահելն է: Շատերը կհիշեն Սահմանադրական դատարանի «հին անդամներին» պաշտոններից հեռացնելու եւ դատավորների թափուր տեղերում Փաշինյանի «սրտի» կադրերին նշանակելու օրերը:

2019-2020 թվականներն էին: Արդարացնելու համար գործող իշխանության կամայական որոշումները, որոնց առանցքում մեկուկես տարի առաջ ՍԴ նախագահ նշանակված Հրայր Թովմասյանն էր, անհեթեթ մի թեզ էր դրվել շրջանառության մեջ, թե «ՍԴ-ի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին, որովհետեւ Սահմանադրությունն է ժողովրդի համար, այլ ոչ թե ժողովուրդը՝ Սահմանադրության»: Ա

յդ միտքը Փաշինյանն արտահայտել էր ավելի վաղ՝ 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում. «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է»,- հայտարարել էր նա՝ հավաստիացնելով, որ ժողովրդից թաքուն որեւէ թուղթ չի ստորագրի:

«Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»,- մի քանի տասնյակ հազար քաղաքացիների ներկայությամբ երդման հանգույն խոստացել է նորընտիր վարչապետը՝ արժանանալով նրանց բուռն ծափահարություններին:

Խոստացել է ու խաբել: Թե՛ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի եռակողմ փաստաթուղթը, թե՛ դրանից մոտ երկու տարի անց հոկտեմբերի 6-ի պրահյան հայտնի դավադրության ակտը Փաշինյանը ստորագրել է ժողովրդի թիկունքում:

Այնպես որ, եթե տեսնում կամ լսում եք՝ ինչ-որ մեկը հանդես է գալիս ժողովրդի անունից, իմացեք, որ հետին մտքեր ունի, վերցրեք փայտը, մի լավ ծեծեք: Ժողովուրդը ձեզ կհասկանա: