Անցած գիշեր Սերբիայի մայրաքաղաքում մոտ երկու հարյուր հազար մարդ պահանջել է նախագահ Վուչիչի հրաժարականը: Հանրահավաքն անցել է առանց բախումների, ցուցարարներն առավոտյան ապաշրջափակել են Բելգրադի կենտրոնը: Սերբիայի նախագահը հայտարարել է, որ չի հեռանա, թույլ չի տա, որ փողոցը կամք թելադրի։
Ավելի տագնապալի հայտարարությամբ, սակայն, հանդես է եկել Սերբիայի փոխվարչապետ Վուլինը: Նա ասել է, որ Բոսնիա-Հերցեգովինայի իշխանությունները մտադիր են ձերբակալել համադաշնության մաս կազմող՝ Սերբական հանրապետության առաջնորդ Միլորադ Դոդիկին:
Վերջինիս դեմ դատաքննություն սկսվել է, երբ նրա նախաձեռնությամբ տեղական խորհրդարանն օրենք է ընդունել, որով Բոսնիա-Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի որոշումները Սերբական հանրապետության համար ճանաչվել են «իրավական պարտադիր ուժ չունեցող»:
Դատարանը Դոդիկին հեռակա կարգով մեկ տարվա ազատազրկման է դատապարտել և վեց տարով զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքով: Միլորադ Դոդիկն այդ դատավճիռը կարող էր բողոքարկել մինչև մարտի 12-ը, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործել: Ըստ տեղեկությունների՝ Սարաևոյի կենտրոնական ուժային մարմինները նրան ձերբակալելու հրահանգ են ստացել:
Սերբիայի փոխվարչապետ Վուլինը Դոդիկի նկատմամբ դատական հետաքննությունը և կայացված վճիռն անվանել է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Ակնարկը չափազանց թափանցիկ է, Դոդիկի ձերբակալությունը կարող է Սերբական հանրապետությանը մղել Բոսնիա-Հերցեգովինայի համադաշնությունից դուրս գալու որոշման: Այդ դեպքում բախումներն անխուսափելի կլինեն:
Դիտարժան է, որ Դոդիկն իր նկատմամբ դատական հետաքննությունը չի ճանաչում օրինական, դեմ է Բոսնիա-Հերցեգովինայում եվրոպական խաղաղապահ ուժերին և հայտարարել է, որ մտադիր է ամենամոտ ապագայում հանդիպել Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներին և խնդրել, որ Մոսկվան այդ ուժերի հետագա ներկայության հարցում «վետո» կիրառի:
Ստեղծված շատ բարդ իրավիճակի ֆոնին մարտի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոլմաբահչե աշխատանքային նստավայրում ընդունել է Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Դենիս Բիչերովիչին: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմում:
Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ներկայացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ Դոդիկի նկատմամբ կայացված վճռից հետո ուշ-ուշով հետևում է Բոսնիա-Հերցեգովինայի իրադարձություններին, կապի մեջ է ռեգիոնալ իշխանությունների հետ:
Էրդողանը կարևորել է Բոսնիա-Հերցեգովինայի ամբողջականության և միասնականության պահպանումը, իսկ անջատողական մոտեցումները չեն կարող ճանաչվել: Թուրքիայի նախագահի ակնարկը, անկասկած, վերաբերում է համադաշնությունից Սերբական հանրապետության անջատմանը, որին, ինչպես փորձագետներն են կարծում, ձգտում է Դոդիկը:
Ավելի վաղ միջազգային մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Սերբիային կարող է առաջարկվել տարբերակ, որ ենթադրում է Բելգրադի կողմից Կոսովոյի անկախության ճանաչում, ինչի դիմաց նա կստանա Բոսնիա-Հերցեգովինայի համադաշնության սերբական հատվածը: Երևում է, դա միայն փորձագիտական վարկած է կամ, կարելի է ենթադրել, այդ մոտեցումը Թուրքիայի աջակցությունը չի ստացել:
Թուրքիան Բալկանները դիտարկում է «օսմանյան ընդհանուր պատմության» համատեքստում, գրեթե բոլոր երկրների հետ սերտ հարաբերություններ ունի: Այս առումով Բոսնիա-Հերցեգովինայի մասնատումը ոչ մի առումով չի համապատասխանում նրա շահերին: Մյուս կողմից եվրոպական երկրների համար «Մեծ Սերբիան» սպառանիք է, քանի որ սերբերի ճնշող մեծամասնությունը ռուսական կողմնորոշում ունի:
Դոդիկը կձերբակալվի՞, ի՞նչ զարգացումներ կհետեւեն: Միացյալ Նահանգները նաև ա՞յդ հարցում Եվրոպային մենակ կթողնի՞: Իսկ եթե Սարաևոն, ինչպես 1914 թվականին, Եվրոպան «պայթեցնի՞» կամ առնվազն՝ Բալկանները, որ Չերչիլն անվանում էր Եվրոպայի նուրբ փորատակ:
Բաց մի թողեք
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է
Այս ուսուցողական դասն էլ՝ ստորագրությամբ «հարց լուծողներին»