19/04/2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ․ Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է․ Մարտին Գալստյան

Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%,- հայտնում են ՀՀ ԿԲ-ից։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը արդեն մամուլի ասուլիսում մասնավորեց, որ ԿԲ-ն կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները, և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում 3%-անոց գնաճ ապահովելու համար։ Դրանից առաջ, հիշեցնենք, ԿԲ-ի համար թիրախային էր համարվում 4%-անոց գնաճը, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր մինչև 10.75%՝ զսպելու գնաճը, հետո հետզհետե իջեցվեց․ «Սկսեմ գնաճից․ նախ՝ թիրախը մենք փոխեցինք, այժմ թիրախը 3% տոկոս է, և դրա համար էլ ասում ենք, որ 2.5%-ը մոտեցել է այն թիրախային ցուցանիշին, որը մենք ունենք։ Հիմնականում գնաճը պայմանավորված է եղել սեզոնային և ոչ սեզոնային պարենային ապրանքների աճով, որոնք որ առաջարկի ֆենոմեն են, այլ ոչ թե պահանջարկի։ Այսինքն՝ այստեղ այս պահի դրությամբ բարձր է, բայց շատ մտահոգվելու տեղ չունենք, որովհետև պահանջարկով չի գալիս գնաճը։

Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելուն, ապա ԿԲ նախագահն ասաց, որ իրենց մոտեցումների համաձայն՝ ԿԲ խորհուրդը տարբեր տիպի սցենարներ է քննարկում․ «Հիմա այսօր մենք քննարկել ենք Ա և Բ տիպի սցենարներ, Ա տիպի սցենարներից հիմնականն այն է, որ երկրի ռիսկի հավելավճարը կարող է աճել՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով, Բ տիպի սցենարների հիմնական լեյտմոտիվն այն է, որ աշխարհում կարող է տնտեսական աճը դանդաղի, որովհետև առևտրային պատերազմներ կան և այլն, ինչպես նաև Հայաստանում կարող է մենք տեսնենք պահանջարկի նվազում։ Ու քանի որ էդ երկու սցենարները իրար հավասարակշռում են էսօր, մենք փորձեցինք տոկոսադրույքը պահել նույն մակարդակի վրա, որ տեսնենք՝ ինչ ուղղությամբ ենք գնում։ Անորոշությունը մեր շուրջ շատ մեծ է, ուստի նախկինում իրականացված լավ քաղաքականության շնորհիվ՝ մենք ոչ թե ընկնում ենք ցայտնոտային իրավիճակի մեջ, որ չիմանանք՝ ինչ ուղղությամբ գնանք, որոշումը ոնց կայացնենք, այլ կարող ենք պաուզա վերցնել, հասկանալ՝ ինչ է մեր շուրջը կատարվում, որպեսզի կարողանանք հետագայում քաղաքականությունն ավելի խելամիտ իրականացնել»։

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, սակայն, որ իրենք հասել են ինչ-որ մակարդակի, որից մակարդակի տոկոսները չեն կարող իջնել, դրանք կարող են և՛ բարձրանալ, և՛ էլի իջնել՝ կախված նրանից, թե որ սցենարը կգերակշռի։

Translate »