02/11/2026

EU – Armenia

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել

ԱԺ նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը կրկին աշխատանքի է անցնում։ Նա այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստանձնում է Գյումրու ցանցի պետի պաշտոնը։

«Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը»,- գրել է Սարուխանյանը՝ նշելով, որ այս ընթացքում աշխատանքի տարբեր առաջարկներ է ստացել թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից, սակայն նախընտրել է գործունեությունը շարունակել Գյումրիում։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Նա պատգամավորական մանդատ ստանալու որոշումից հետո հրաժարվեց պաշտոնից, իսկ նրան փոխարինեց Դավիթ Սարգսյանը, որը մինչ այդ աշխատել էր ոստիկանության և փրկարար ծառայության համակարգերում։ Սարգսյանի նշանակման մասին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր սեպտեմբերին։

Մեր տեղեկություններով՝ Դավիթ Սարգսյանի նշանակումը չի արդարացրել ՔՊ-ի սպասելիքները, և այժմ որոշվել է հերթական կադրային փոփոխությունն իրականացնել՝ Գյումրու ցանցի ղեկավարումը վստահելով Կարեն Սարուխանյանին։