Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողի հետ զրույցում անհարգալից արտահայտություն թույլ տվեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության հասցեին:
Վստահ եմ, որ հիշում եք նաեւ, թե ինչ հետեւեց դրան՝ ամբողջ իրավապաշտպան հանրությունն ալեկոծված էր՝ ցույցեր, այլատյացությունը դատափետող հայտարարություններ, բողոքի ակցիաներ:
Սակայն, երբ վերջերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նման արտահայտությամբ բնութագրեց մեկ այլ ազգային փոքրամասնությանը, այդ նույն հանրության կողմից՝ ոչ մի ծպտուն: Գուցե այդ քար լռության համար պետք է մեղադրել Դոնալդ Թրամփի՞ն, որի պատճառով իրավապաշտպաների ու քաղհասարակության դրամաշնորհները կրճատվել են եւ «ալեկոծվելու» փող չկա: Բայց խորքային պատճառն այլ է. այն ժամանակ մենք չունեինք «ժողովրդի կողմից ընտրված իշխանություն» եւ «ժողովրդավարության բաստիոն» չէինք, իսկ հիմա այդ խնդիրները բարեհաջող ձեւով լուծված են:
Երբ եվրոպացի կամ ամերիկացի պաշտոնյաները սկսում են փառաբանել մեր ժողովրդավարությունը, ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ ո՞ր աղբյուրներից են նրանք օգտվում: Գուցե հենց վերոհիշյալ իրավապաշտպանների զեկույցներից: Եթե այդպես է, ապա, իհարկե, ամեն ինչ OK է: Այդ իրավապաշտպանները կարող են եւ չնկատել, որ մոտ մեկ տարի առաջ ԱԺ այն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանները թողել էին մենակ եւ «զարմանալի զուգադիպությամբ» հենց այդ պահին չգիտես որտեղից հայտնվեցին դիմակավորված բռնարարներ, որոնք դաժան ծեծի ենթարկեցին երիտասարդին:
Իրավապահները մեկ տարվա ընթացում «չեն կարողացել պարզել», թե ովքեր են դա արել: Առաջ, երբ «բաստիոն» չէինք, նման գործերով զբաղվում էր օլիգարխների «ախրանան»: Բայց հիմա, դե գիտեք՝ մենք ո՛չ օլիգարխներ ունենք, ո՛չ էլ «ախրաննիկներ»:
Առաջ ոստիկանները քաղմասերում խոշտանգում էին մարդկանց: Հիմա, ըստ արեւմտյան դիտորդների եւ համապատասխան իրավապաշտպանների, այլ զազրելի պրակտիկային վերջ է տրված: Հապա ի՞նչ է պատահել Տիգրան Ուլուբաբյանի հետ:
Եվ ո՞ր ոստիկաններն են պատժվել այդ բռնությունների համար: …Ես հասկացա. եթե «իշխանությունը պատկանում է ժողովրդին», ուրեմն ազգային հողի վրա վիրավորանքը վիրավորանք չէ, բռնությունը բռնություն չէ, ոստիկանական խոշտանգումը խոշտանգում չէ: Որովհետեւ դա, վերջին հաշվով, հենց «ժողովուրդն» է անում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Ինչպես են ադրբեջանական զիված ուժերը խաթարում Սյունիքում ապրող մարդկանց կյանքը․ Հետազոտություն
Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, պայքարի վճռականությունը կոտրելը
Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան