01/05/2025

Թեհրանի «լիազորագիրը» Ռուսաստանին՝ Թրամփի հետ բանակցելու համար

Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Իրանին և երկու ամիս ժամանակ տվել միջուկային նոր գործարքի շուրջ համաձայնության համար: Ըստ պարբերականի՝ Թրամփը հայտնել է նաև հրաժարվելու դեպքում դրա հետևանքի մասին:

Արդյո՞ք խոսքն այն նամակի մասին է, որ օրեր առաջ էր Թրամփը հասցեագրել Թեհրան՝ Արաբական Էմիրությունների նախագահի խորհրդականի միջոցով, թե՞ Թրամփը նոր ուղերձ է հղել, արդեն այդ նամակին Թեհրանի պատասխան ստանալուց հետո:

Միարժեք բարդ է ասել, սակայն մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք է այն, որ տեղեկությունը հրապարակվում է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում Իրանի հարցի քննարկումը չի հարուցում թերևս որևէ կասկած: Դրա մասին, իհարկե, չի եղել ուղիղ հաղորդագրություն, բայց միջուկային սպառազինության չտարածման վերաբերյալ հաղորդումը, անկասկած, վերաբերում է հենց Իրանին:

Թրամփն ու Պուտինը, ըստ հաղորդագրության, պայմանավորվել էին համատեղ ջանքը միջուկային սպառազինության չտարածման հարցում: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ նրանք, թերևս, քննարկել են Իրանի հարցում համատեղ ջանք:

Հնարավոր է, որ Թրամփի առաջարկը՝ երկու ամսում հասնել միջուկային նոր գործարքի շուրջ համաձայնության, հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել է Պուտինի հետ: Ռուսաստանը հունվարի 17-ին Իրանի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիր, որում խոսվում է Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շարունակության և այդ հարցում Ռուսաստանի աջակցության մասին:

Դա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան ու Իրանն ունեն որոշակի ընդհանուր տեսլական միջուկային ծրագրի այսպես ասած միջազգային նոր ձևաչափի մասին, թե՞ այն դեռ հարկ կլինի մշակել:

Այստեղ, սակայն, իրավիճակը, թերևս, չի կարող շրջանցել մեկ այլ կողմի՝ Չինաստանին, որը ևս Իրանի հետ գտնվում է խոշոր պայմանագրային փոխհարաբերության մեջ: 2021-ին Չինաստանը կնքեց Իրանի հետ 25-ամյա պայմանագիր, որի ընդհանուր արժեքը մոտ կես տրիլիոն դոլար է:

Իրանի շուրջ զարգացումներում թերևս հնարավոր չէ «յոլա» գնալ առանց Չինաստանի համաձայնության: Ընդ որում՝ եթե Պեկինն ու Մոսկվան Վաշինգտոնի հետ գան որոշակի ընդհանուր հայտարարի, ապա Թեհրանի համար, թերևս, ողջախոհ չի լինի այդ համաձայնություններին հակառակ դիրքավորումը կամ շարժումը:

Մյուս կողմից, թերևս հենց այդ մասին է ռուս-իրանական պայմանագիրը, որը կնքվեց Թրամփի պաշտոնամուտից 3 օր առաջ, այն դեպքում, երբ դրա ստորագրումը չէր ստացվում մի քանի ամիս:

Այդ պայմանագիրը հնարավոր է Թեհրանի «լիազորագիրն» է Ռուսաստանին՝ Թրամփի հետ բանակցելու համար, ինչի դիմաց գուցե Մոսկվան իր հերթին ստանձնում է Իրանի՝ դե ֆակտո միջուկային պետություն լինելու «ծածկն» ու պատասխանատվությունը: