«Թուրք ոստիկաններն ուղեկցել են հայկական ավտոշարասյունը»,- ակնհայտ դժգոհությամբ գրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից սնվող մի քանի կայքեր հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը տասը օրով բացելու առթիվ Թուրքիայի իշխանություններին ուղղակի մեղադրել են ոչ միայն Ադրբեջանին թիկունքից հարվածելու, այլև թուրքական աշխարհի միասնությունը տրոհելու մեջ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացքում Ադրբեջանի ապակառուցողական միջամտությունը նորություն չէ: «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրման փուլում Մեհրիբան Ալիևան մի քանի հարյուր կանանց գործուղել է Անկարա, որտեղ նրանք ներկայացել են որպես «հայկական ագրեսիայի զոհեր» և Աթաթուրքի դամբարանում ողբուկական բարձրացրել՝ «բոլոր թուրքերի հորն» աղերսելով «ելնել գերեզմանից և կանխեկ Ադրբեջանի հանդեպ դավաճանությունը»:
Մարգարայի անցակետի բացման, Թուրքիայի ցամաքային տարածքով Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու կապակցությամբ պաշտոնական Բաքվի կասկածամտությունը հասկանալի է:
Եվ բոլորովին արտառոց չէ, երբ turkiyegazetesi-ն այդ ֆոնին սադրիչ հրապարակում է արել: Հղելով «հունական աղբյուրներին», թուրքական լրատվամիջոցը գրում է, որ Ստամբուլի հունական համայնքը քրիստոնեական համարեշխության շրջանակներում որոշել է դիմել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի քաղաքը վերաանվանակոչվի Կոստանդնուպոլիս, Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին ստանա պատամական թանգարանի կարգավիճակ, բոլոր եկեղեցիները վերանորոգվեն:
Ըստ թուրք հեղինակի՝ այդ պահանջին միացել է նաև Ստամբուլի հայկական համայնքը, որ նաև պահանջում է իրեն վերադարձնել պատմաշմշակութային և այլ նշանակության բոլոր շենք-շինությունները։ Turkiyegazetesi-ն, որքանով հասկացվում է հրապարակումների քաղաքական ուղղությունից և տոնայնությունից, հիմնականում իշխանամետ լրատվամիջոց է:
Բացառված չէ, ավելին՝ նույնիսկ շատ հավանական է, որ Թուրքիայի իշխանական կամ առնվազն քաղաքական վերնախավում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տարբեր կարծիքներ, իրարամերժ մոտեցում ունեցող խմբեր և խմբավորումներ կան:
Ըստ այդմ՝ նրանցից որևէ մեկը, որ Մարգարայի անցակետի տասնօրյա բացումը գնահատում է որպես հայ-թուրքական «սահմանի բացման նախանշան», մամուլին կարող է Ստամբուլի հայ համայնքի հասցեին նման սադրիչ հրապարակում պատվիրել:
Այդուհանդերձ, չպետք է ուշադրությունից դուրս թողնել իրողությունը, որ Թուրքիայում անցած ավելի քան երեք տասնամյակների ընթացքում կազմավորվել է բավական ազդեցիկ ադրբեջանական համայնք:
Թուրքիայում Ադրբեջանի ուղղակի ներդրումները կազմում են քսան միլիարդ դոլարդ, գրեթե բոլոր բնակավայրերում Socar-ն ունի բենզալցակայաններ, տասնյակ հազարավոր ադրբեջանցի մանր և միջին ձեռնարկատեր է:
Այդ ռեսուրսը, բնականաբար, կառավարվում է մեկ կենտրոնից՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից և վերահսկվում հատուկ ծառայությունների կողմից: Վերջին երկու ամիսներին, ի դեպ, Թուրքիայում ձեռնարկատիրությամբ զբաղվող տասնյակ անձանց դեմ քրեական գործ է հարուցվել: Նրանք մեղադրվում են ստացած շահույթն ադրբեջանական բանկերում չպահելու մեջ:
Իլհամ Ալիևը, անշուշտ, ազդեցիկ կապեր ունի Թուրքիայի գործարար աշխարհի, ինչպես նաև հանրային հայտնի դեմքերի և մամուլի ներկայացուցիչների հետ:
Ամենայն հավանականությամբ, Ստամբուլի վերանվանման հարցում «հայկական համայնքի պահանջատիրության» թեզը թուրքական մամուլում շրջանառության է դրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատի կողմից:
Դա ակնհայտորեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ազդակ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը հետևելու է Թուրքիայում հայկական պահանջատիրության արմատավորումը: Հրապարակման համար, ընդսմին, ընտրված է չափազանց «նուրբ» պահ. Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ պահանջում են քաղաքապետ Իմամօղլուին ազատ արձակել:
Որևէ խնդիր չկա, որպեսզի թուրք ծայրահեղականությանը ներշնչվի, որ նրանց շարքերում են նաև «Ստամբուլը Կոստանդնուպոլիս վերանվանելու պահանջ ներկայացրած հայերը»: Ալիևի խարդախամտությունը սահմաններ չի ճանաչում:
Բաց մի թողեք
Վարդան Ղուկասյանն ու Ռուբեն Մխիթարյանը կվերականգնե՞ն Սարգսյանին ու Քոչարյանին շնորհված՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին
Պուտինն ինչ նոր հետաքրքրություն ունի Հարավային Օսիայում, նոր կուրատորը ստուգումներ է անցկացրել
«Նիկոլական», «Սամվել Բաբայանի աջակից». Արցախցիների պսևդոպաշտպանները թիրախավորում են իրենց շահերին դեմ խոսող արցախցիներին