26/04/2025

Իրանը և Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում …

«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի լավագույնս օգտագործենք երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը: Իրանը և Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները Սև ծով և իրանական բեռնատարների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Օման դյուրացվեն: Ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումները դյուրացնեու համար»,-Երևանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցությունից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

2024 թվականի օգոստոսից զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ նա մարտի 24-25-ին այդ կարգավիճակում առաջին այցն է կատարել Հայաստան: Իրանի հետ Հայաստանի հարաբերության ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ օրակարգի առաջմղման և առարկայացման անհրաժեշտության մասին խոսեցի նախօրեին հրապարակված մեկնաբանությունում՝ կարևոր համարելով, որ Հայաստանն ու Իրանն առաջ քաշեն լայն նշանակության օրակարգեր: Պարից ծոց-Սև ծով տրամաբանության, նաև Հնդկաստանի և Օմանի հիշատակումները, անշուշտ, կարևոր են այդ իմաստով:

Միևնույն ժամանակ կարևոր է, որ դրանք չլինեն լոկ հիշատակումներ և առաջ շարժվեն առարկայական գաղափարներով և ծրագրերով: Իհարկե, այդ հարցում շատ բան է կախված լինելու այն մեծ գործընթացներից, որ կծավալվեն աշխարհաքաղաքական-աշխարհակարգային մասշտաբով, այդ թվում՝ Իրանի շուրջ իրողությունների համատեքստում: Իրանի ԱԳ նախարարը Երևանում հայտարարել է, որ դեռ չեն պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին և պատասխանը մշակման փուլում է:

Միաժամանակ, Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել իր միջուկային ծրագրի վերաբերյալ և երբեք չի լքել բանակցային սեղանը՝ ակնարկելով թերևս, որ այդ սեղանն իր առաջին նախագահության ընթացքում լքել է հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը 2017-ին ստանձնելով նախագահի պաշտոնն առաջին անգամ, չեղարկեց 6+1 միջուկային համաձայնագիրը:

Թրամփը իհարկե հայտարարում էր, որ համաձայնագիրը չէր բավարարում ԱՄՆ շահերը: Թե ով ավելի շահեց այդ համաձայնագրի չեղարկումից, բարդ է ասել: Համենայն դեպս, 2023-24 թվականներին ԱՄՆ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ Իրանին մի քանի շաբաթ է բաժանում միջուկային ռումբ ունենալու իրողությունից:

Ունի՞ Թեհրանն արդեն միջուկային ռումբ, թե՞ ոչ, այս հարցը այլևս թերևս չունի միարժեք պատասխան: Բայց հայտնելով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը շարունակելու պատրաստակամության մասին՝ Թեհրանը նվազագույնը, թերևս, պատրաստակամություն է հայտնում չհայտարարել միջուկային սպառազինություն տնօրինելու կարողության մասին, որովհետև կա ոչ միայն տարբերություն՝ տնօրինում է սպառազինություն, թե ոչ, այլ նաև հռչակում է ինքզինք այդպիսի սպառազինություն ունեցող, թե՞ գերադասում է չխթանել ռեգիոնալ լարման նոր պրոցեսներ, այլ գնալ պայմանավորվածությունների՝ արդեն գուցե մեկ խաղաքարտ ավելի ունենալով:

Բոլոր դեպքերում, այդ իրողություններից է նաև մեծապես կախված, թե ինչպիսի տարածություն կբացվի հայ-իրանական պոտենցիալի համար: Բայց ներկայումս տարածությունը քիչ չէ, ինչի մասին վկայում են նաև Երևանում Արաղչիի հայտարարությունները, հետևաբար մինչ ավելի խոշոր տրամաչափով որոշակիացումները, Հայաստանն ու Իրանն ունեն, թերևս, ներկայիս շրջափուլում կատարելու աշխատանքի բավականին մեծ տարածություն, բայց գուցե ոչ շատ մեծ ժամանակ, հատկապես Հայաստանի համար:

Ըստ այդմ՝ երկկողմ և բազմակողմ տրամաբանությամբ հայտարարությունները պետք է ուղեկցվեն թե՛ աշխատանքային ձևաչափերի ընդլայնմամբ, թե՛ աշխատանքի: