24/04/2025

Անզեն աչքով է երեւում, թե ինչպիսի ցինիկ եւ ամբարտավան ոճով են հարստացել «ներկաները»

Երբ նիկոլականներն ասում են, որ պատերազմում պարտվելու «շնորհիվ» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդվել է, ակնհայտորեն նկատի ունեն հետեւյալը. մենք ազատվել ենք Արցախի խնդրից, եւ քանի որ այդ խնդիրն ի սկզբանե հորինել էր Ռուսաստանը, մեր վրա դրել էր այդ բեռը՝ լծակներ ունենալու համար, այժմ, ըստ այդ տրամաբանության, մեր երկիրը կարող է գործել միանգամայն ազատ՝ առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու:

Մի կողմ թողնենք այն, մեղմ ասած, վիճելի թեզը, որ Արցախը «բեռ» էր: Դառնանք այդ պնդումների բովանդակությանը: Մենք իսկապե՞ս «ազատագրվել» ենք Ռուսաստանից: Այլեւս կախված չե՞նք ռուսական գազի գնից: Ռուսական ռազմաբազան փակվե՞լ է: Մենք դո՞ւրս ենք եկել ԵԱՏՄ-ից: Թե՞ «արեւմտամետ քարոզչական բրիգադի» հոխորտանքները միանգամայն բավարար են: Ինչպես միշտ, խոսքերն այսօր ավելի կարեւոր են, քան գործերը:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ՈՒԶՈՒՄ ԵՆ դուրս գալ ՀԱՊԿ-ից: ԱԺ-ն ընդամենը հայտարարում է, որ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ անդամակցելու ԵՄ-ին` շատ լավ հասկանալով, որ տեսանելի պատմական ապագայում նման բան տեղի չի ունենա: Սրանք ընդամենը խոսքեր են: Իսկ ի՞նչ գործեր եմ ես ակնկալում, որոնք ցույց կտային մեր իրական ինքնիշխանությունը:

Կարծում եմ, որ ինքնիշխան պետությունը տեր է կանգնում իր քաղաքացիների եւ հայրենակիցների, այդ թվում՝ 150 հազար արցախցիների, արժանապատվությանը, անվտանգությանը, իրավունքներին (ոչ թե իր պրոպագանդիստների միջոցով վիրավորում ու փնովում է նրանց):

Տեր է կանգնում թշնամու կողմից պատանդառված եւ խոշտանգվող իր հայրենակիցներին: Ինքնիշխան պետությունը չի փոխում իր սահմանադրությունը այլ պետության թելադրանքով: Ինքնիշխան երկիրն ի վիճակի է պաշտպանել իր տարածքը հարեւան երկրի ներխուժումից:

Բայց եկեք հանուն արդարության նշենք, որ ներկայիս իշխանությունը կարողանում է «վաճառել» սուտի ինքնիշխանության թեզը բնակչության զգալի մասի վրա: Ավելի մեծ հաջողությամբ նիկոլականներին հաջողվում է «վաճառել» պատերազմի վախը՝ ներկայացնելով իրենց ընդդիմախոսներին որպես «պատերազմի հրձիգներ»:

Առաջ շատ լավ էր «վաճառվում» նաեւ թալանի թեման: Տարոն Մարգարյանի դեմ 7 տարվա հնության գործը վերակենդանացնելն այդ հնացած քարոզչության իներցիան է: Բայց այդ մաշված քարոզչական զենքն այլեւս «չի կրակում»:

Պատճառն, ինձ թվում է, այն է, որ նույնիսկ անզեն աչքով է երեւում, թե ինչպիսի ցինիկ եւ ամբարտավան ոճով են հարստացել «ներկաները»: Չգիտեն, թե ինչ է նրանց սպասում իշխանափոխությունից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am

Translate »