03/05/2025

Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի կտակը բացվել է․․․

Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապրիլի քսանվեցին։

Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։

Համաձայն Սուրբ Աթոռում ընդունված կարգի, Սրբազան Քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա մահվան 4-րդ օրվանից մինչեւ 6-րդ օրն ընկած ժամանակահատվածում, որը համապատասխանում է ապրիլի 25-27-ին։ Սուրբ Աթոռը դեռեւս պաշտոնապես հայտարարություն, սակայն չի արել այս առնչությամբ։

Իտալական մամուլում առկա հրաարակումների համաձայն, Սուրբ Պետրոսի Աթոռի նոր գահակալի ընտրությունը տեղի կունենա մայիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում։

Ընդ որում, նոր Պապ ընտրող կարդինալների ժողովը՝ Կոնկլավը, կարող է ավելի շուտ էլ տեղի ունենալ, եթե մասնակցելու իրավունք ունեցող կարդինալները կարողանան ավելի շուտ էլ ժամանել Սուրբ Աթոռ։ Նախօրեին բացվել է հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի կտակը։ Նրա վերջին ցանկությունն այն է եղել, որ հուղարկավորվի ոչ թե Վատիկանում, այլ՝ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։  Բացի այդ, ցանկացել է, որ իր հուղարկավորությունը լինի չափազանց համեստ։ Corriere della Sera-ն նշում է, որ հանգուցյալ Պապը ցանկացել է, որ իր գերեզմանը լինի չափազանց համեստ, ունենա միայն գրություն՝ «Franciscus» բովանդակությամբ՝ առանց որեւէ զարդարանքի։