24/04/2025

«Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում

Երեւանում եւ Աբովյանում մեկնարկել է «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան եւ Վրաստանը: 

Փառատոնի ընթացքում ցուցադրվող 27 մոնոներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ), Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):

Հայկական ծրագրում մասնակցում են դերասաններ Ջիվան Սարգսյանը՝ «Արեւ, լուսին ու ծով», Արման Մաթեւոսյանը՝ «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը՝ «Լույսին», Արմեն Արշալույսյանը՝ «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը՝ «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը՝ «Օդ՜», Նատալիա Հարությունովան՝ «Հորը որոնելիս» ներկայացումներով:

Փառատոնի օրերին Երեւան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ եւ փորձագետներ: «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով` փառատոնը մեկ հարկի տակ է համախմբում միջազգային եւ տեղական թատրոններին՝ բացելով հնարավորությունների լայն հարթակ: «Արմմոնո» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը եւ ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում:

Փառատոնի պատվավոր հյուրն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ եւ կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում. ծրագրի համակարգող՝ Լուսինե Աբգարյան:

Ներկայացումները կանցկացվեն Երեւանի մի շարք թատերահարթակներում՝ ՀԹԳՄ, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, Փոքր թատրոն, Կամերային թատրոն, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ստորաբաժանում, ինչպես նաեւ Աբովյանի դրամատիկական թատրոն: