13/05/2025

Բաքուն կարող է մանիպուլացնել «մեղադրյալների ցուցմունքները»

Բաքվում ընթացող «դատավարությունը» թեև պաշտոնապես կոչվում է «բաց», բայց նույնիսկ տեղակալ մամուլի համար փակ է: Համենայն դեպս, անցած ավելի քան չորս ամիսներին ադրբեջանական ոչ մի լրատվամիջոց «դատարանի դահլիճից» վերտառությամբ որևէ հրապարակում չի արել:

«Դատաքննության» մասին տեղեկատվությունը խստորեն վերահսկվում է, ենթարկվում մանրակրկիտ գրաքննության: Լրագրության «ոսկե» կանոն է, եթե մարդու խոսքը տեսաձայնագրվում է, ապա այն եթեր է տրվում առնվազն մի քանի վայրկյան սինխրոնով:

Այսինքն՝ օրիգինալի վկայակոչմամբ ապահովում է հետագա մեկնաբանության վստահելիությունը: Ադրբեջանը խախտում է նաև լրագրողական էթիկայի այդ պարտադիր կանոնը և ոչ մի «մեղադրյալի» կենդանի խոսք չի տարածում, ներկայացնում է մեկնաբանի շարադրանքը, որի հավաստիությունը խիստ կասկածելի է:

Այդ կերպ Բաքուն կարող է մանիպուլացնել «մեղադրյալների ցուցմունքները»: Որքանով դիտարկվում է, ալիևյան քարոզչության նպատակներից մեկը Արայիկ Հարությունյանին «փչացնելն է»:

Նախ` ներկայացվել է, որ նա, իբր, դատարանում հայտարարել է, որ Պաշտպանության բանակի նկատմամբ ոչ մի իրավասություն չի ունեցել, Գյանջայի «խաղաղ թաղամասի հրթիռակոծման հրամանը տրվել է Երևանից», իսկ մայիսի 5-ին ասվեց, որ հերքել է ղարաբաղյան առաջին պատերազմին իր մասնակցությունը, հայտարարել, որ այդ տարիներին ապրել է Երևանում՝ որպես ուսանող:

Ավելին՝ երբ ցուցադրվել է 2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզչական տեսահոլովակը, որտեղ Արայիկ Հարությունյանը խոսում է պատերազմին մասնակցության մասին, «մեղադրյալն» ասել է, որ ընտրություններում հաղթելու համար պետք է այդպես ասեր:

Բաքվի հեռուստատեսության այդ հաղորդումը հայաստանյան մեդիա-տիրույթում տարածող լրատվամիջոցն իր նյութը վերնագրել է այսպես. «Արայիկ Հարությունյանը խաբել է արցախցիներին»:

Այսպիսով, Հայաստանում հանրային կարծիք է ձևավորվում, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն քառասունչորսօրյա պատերազմը կառավարելու պատասխանատվությունից, այլև ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցությունից է հրաժարվել, իսկ և 2020 թվականի նախագահական ընտրություններին էլ նա «կեղծ քարոզչանյութեր է տարածել, ընտրողներին խաբել, որպեսզի քվեներ շահի»:

Արցախում և Հայաստանում ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցները միմյանց գիտեն, ինչպես ասում են՝ հականե-հանվանե: Արայիկ Հարությունյանը հանրությանը չէր կարող խաբել:

Մանավանդ որ ուներ գրեթե մեկ տասնյակ մրցակիցներ, այդ թվում՝ առաջին պատերազմի մասնակից-ՊՇ հրամանատար, ով առիթը բաց չէր թողնի, որպեսզի բացահայտի նրա «կեղծիքը»: Ստեփանակերտում բոլորը գիտեն, որ Արայիկ Հարությունյանի եղբայրը զոհվել է, ինքը՝ ծառայել հայտնի «Ցոր» զորամասում և շատ ջերմ հարաբերություններ է պահել մարտական ընկերների հետ:

Խնդիր է, թե ալիևյան քարոզչությունն ինչո՞ւ է Արցախի համաժողովրդական քվեարկությամբ ընտրված վերջին նախագահին հայ հանրության, Արցախից բռնատեղահանված բնակչության աչքում հետևողականորեն «փչացնում»:

Ո՞րն է նպատակը: Համահայկական կարծիք ձևավորել, որ նա ոչ միայն «քաղաքականապես չկայացած, այլև թուլամորթ, տմարդի» անձնավորությո՞ւն է, այդ ֆոնի վրա ընդգծել մյուս «մեղադրյալների» վճռականությո՞ւնը:

Բայց դա Ալիևին ի՞նչ է տալիս կամ կարող է տալ ապագայում: Ըստ երևույթին՝ Արայիկ Հարությունյանին «փչացնելու» քարոզչությունը մշակված է այն հաշվարկով, որ նա ուներ/ ունի Նիկոլ Փաշինյանի «դրածոյի» համարում և նրա նկատմամբ հանրային անարգանքը Հայաստանում կարող է ներքաղաքական վերադասավորումների գործոն լինել: Այլ բացատրություն գոնե այս պահին դժվար է գտնել: