31/07/2025

Օրենքով կամրագրվի անցանկալի գրառումները հեռացնելու պարտավորությունը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, հրապարակվել են «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: 

Հրապարակ թերթը գրել է․ Նախագծերի հիմնավորումը սա է․ «Նախագծերով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի անձի իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար՝ նկատի ունենալով, որ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների համատեքստում կսահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր՝ ապահովելու համար Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության լիարժեքությունը:

Նախագծերի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն կազմակերպական այնպիսի կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ վիրավորանքի, ինչպես նաեւ՝ իրականությանը չհամապատասխանող, նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու, դրանց վերաբերյալ պատասխան հրապարակելու, հեռացնելու իրավական հնարավորություն, քանի որ անձի՝ իր հերքման եւ պատասխանի իրավունքներից օգտվելը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի սուբյեկտի կողմից է նախկինում հրապարակվել զրպարտություն համարվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ վիրավորանքի եւ զրպարտության դեպքում հեռացման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 եւ 75-րդ հոդվածներին»:

Մինչդեռ հասկանալի է, որ ցանկացած օրենսդրական փոփոխությամբ այս իշխանությունը փորձում է ընդլայնել իր իրավունքները եւ սահմանափակել մեր՝ բոլորիս, այս դեպքում՝ լրագրողների ազատ խոսքը: Նրանց միակ հոգսը մի բանի շուրջ է՝ ինչպես լռեցնել իշխանությանն ուղղված քննադատությունը: «Ա․ Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն նախագծի առնչությամբ մի քանի առաջարկ էր արել e-draft-ում։ ՀԿ-ի իրավաբան Նաիրա Ավետիսյանին խնդրեցինք մեկնաբանել առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես այն, որ հերքում հրապարակելուն, ներողություն խնդրելուն եւ տուգանք վճարելուն զուգահեռ առաջարկվում է նաեւ հեռացնել գրառում/հրապարակումը: Ավետիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, նկատում է.

«Խնդիրը վերաբերում է նրան, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել զրպարտությունը վերացնելու վերաբերյալ: Այսինքն` ՍԴ-ն պարտադրում է, որ այն տեղեկությունը, փաստացի տվյալը, որը, որպես այդպիսին, համարվում է զրպարտություն, անձինք հնարավորություն ունենան տվյալ զրպարտությունը հեռացնելու պահանջ ներկայացնել: Այս նախագիծը բավականին լայն սպեկտրով է դիտարկվել, քանի որ նախագծի հեղինակները զրպարտությանը մեկտեղ առաջարկում են վիրավորանքը նույնպես հեռացնել, այսինքն` նույն մեխանիզմը կիրառել են նաեւ վիրավորանքի պարագայում, որպեսզի վիրավորանք հանդիսացող տվյալները նույնպես՝ պահանջի միջոցով հնարավոր դառնա հեռացնել: Այս նախագծում կա մի քանի խնդրահարույց կետ, սակայն ես կանդրադառնամ հենց զրպարտությունն ու վիրավորանքը հեռացնելու պահանջին: Օրինակ` նախագիծը նախատեսում է, որ հեռացման հնարավորությունը պետք է տրվի առանձին միավոր հանդիսացող գրառումներին: Մենք ուսումնասիրություն կատարեցինք եւ հասկացանք, որ բազմաթիվ գրառումներ, որոնք զրպարտություն եւ վիրավորանք են հանդիսանում, շատ հաճախ ոչ թե բուն գրառման ձեւով են արվում, այլ, օրինակ, ինչ-որ մեկի գրառման կամ ինչ-որ մի նյութի մեկնաբանությունների բաժնում: Ստացվում է, որ մեկնաբանություններում վիրավորել եւ զրպարտել թույլատրվում է, գրառումներում` ոչ: Ես կարծում եմ, որ այս նախագիծը կատարելագործվելու տեղ ունի, կան խնդրահարույց կետեր»:
Իսկ ԶԼՄ-ներին ուղղված՝ նյութ հեռացնելու պահանջն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել, իրավական տեսանկյունից այն որքանո՞վ է խելամիտ։ «ԶԼՄ-ների պարագայում առանձին կարգավորում է նախատեսում, որտեղ նշվում է, որ լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից վիրավորանքն ու զրպարտությունը նախատեսում է քաղաքացիական որոշակի պատասխանատվություն՝ տուգանք, հերքման պահանջ եւ այլն: Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ների պարագայում ամեն բան արդեն իսկ նախատեսված է, ամեն ինչ նորմալ է, օրինակ` զրպարտության դեպքում նախատեսված է հերքում, վիրավորանքի դեպքում` նյութի հեռացման պահանջ, այստեղ խնդիրը լրատվական գործունեություն չծավալող անձին ինչ-որ բան պարտադրելու մեջ է: Ի դեպ, լրատվականների մասով կա նաեւ մի կետ, նշվում է, որ եթե լրագրողական աշխատանք իրականացնողը հրապարակում է ուրիշի անփոփոխ խոսքը, դրա համար ոչ թե լրագրողն ու լրատվամիջոցն են պատասխանատվություն կրում, այլ` սկզբնաղբյուրը: Հստակ գնահատականներ կդժվարանամ տալ, ամեն մեկս ունենք մեր անձնական կարծիքը, սակայն ես կարծում եմ, որ հայաստանյան մեդիատիրույթում պետք է կարգուկանոն մտցվի: Օրինակ` այս նախագիծը չի անդրադարձել բուն ատելության խոսքին, սակայն կարծում եմ՝ դա եւս լուրջ խնդիր է»,- ասաց իրավաբանը: