19/10/2025

Կրեմլ, ինչու ես լռում՝ վախկոտի պես, Բաքվում հակառուսական ու հակահայկական հիստերիա է

Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են հակառուսական նյութեր տարածվել՝ խտրություն չդնելով թե՛ թիրախի, թե՛ խոսույթի մեջ:

Այդ ամենն այն դեպքում, երբ Բաքվում ամենաբարձր մակարդակով հայտարարում են, հավաստիացնում են Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների առկայության և դրանց ամրապնդման ցանկության մասին:

«Ակտաուի ծայրամասում, որտեղ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վթարի ենթարկվեց AZAL ինքնաթիռը, այժմ հուշարձան կա։ Մետաղական ցանկապատ, մի քանի նստարաններ, տեղացիների կողմից տարված ծաղիկներ։ Ամեն ինչ վճարվել է բնակիչների անձնական գումարներով։ Մինչդեռ հասարակ մարդիկ հիշում են, նրանք, ովքեր պետք է պատասխանեին, վախկոտի պես թաքնվում են լռության ետևում»,- գրում է ադրբեջանական Մինվալ-ը։

Իշխանամերձ պարբերականը շարունակում է. «Այդ դեկտեմբերի օրը Ղազախստանի երկնքում զոհվեց 38 մարդ, ողջ մնաց՝ 29-ը: Աղետի պատճառը վաղուց հայտնի է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կույր են ձևանում. ինքնաթիռը խփվել է Չեչնիայի երկնքում արձակված ռուսական հրթիռով: Ողջ մնացած ուղեկցորդուհիները պատմել են, որ Գրոզնիի վրայով թռիչքի ժամանակ ինքնաթիռին երեք անգամ ինչ-որ բան է հարվածել։ Իր հերթին, ԱՄՆ-ն հայտնել է, որ ունի նշաններ, որոնք վկայում են, որ ինքնաթիռը կարող է խոցված լինել ռուսական ՀՕՊ համակարգի կողմից։

Եվ հետո՝ մահացու լռություն։ Անցավ հինգ ամիս՝ ոչ մի խոսք, ոչ մի ներողություն, ոչ մի պատասխան։ Հիշում ենք, թե ինչպես սկզբում Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փորձեց հնարավորինս խուսափել այս հարցից՝ շեղելով զրույցը և կոչ անելով «սպասել հետաքննության առաջին արդյունքներին»։ Երբ վերջապես հայտնվեցին առաջին արդյունքները, նա անմիջապես սկսեց խոսել վերջնական զեկույցին սպասելու անհրաժեշտության մասին։ Եվ հետո նա ընդհանրապես լռեց։ Դասական մարտավարությունն այն է, որ ժամանակը ձգձգվի, մինչև այն մոռացվի։ Բայց դա չի աշխատի»։

Ըստ ադրբեջանական մասմեդիայի հրապարակումների, «Բաքվի և Մոսկվայի միջև սառցե ցուրտ է։ Ռուսաստանը շարունակում է ձևացնել, թե ինքը չէ։ Որ հրթիռը նրանը չէ»։

Ադրբեջանական՝ հատկապես իշխանամերձ ԶԼՄ-ների հակռուսական հիստերիան այնքան է ուժգնացել, որ ադրբեջանական ինքնաթիռի միջադեպից վերացարկվել և հասել են մինչև Հայաստան, հիշատակելով, իբր, Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը, «Մոսկվայի մասնակցությունը Ղարաբաղում «խաղաղապահ» ​​ծրագրերին, լոբբինգը՝ հօգուտ Երևանի, լուռ խրախուսանքը Փաշինյանին և այլն և այլն»:

«Ռուսաստան, ինչո՞ւ ես լռում։
Ինչո՞ւ ներողություն չխնդրեցիր։
Ինչո՞ւ փոխհատուցում չվճարեցիր։
Ինչո՞ւ ես կարծում, որ կարող ես նորից անպատիժ մնալ։
Ինչո՞ւ ես անտեսում դիմումները։
Ինչո՞ւ չես նշում հրաման տվողների անունները։

Դեռևս պատասխան չկա։ Բայց մոռացություն նույնպես չի լինի»,-ասվում է Մինվալ-ի հոդվածում։