31/07/2025

Վրաց – ադրբեջանական նոր սկանդալ, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա

Վրաստանի պետական անվտանգության աշխատակիցներն Ադրբեջանի հետ սահմանի այսպես կոչված «կանաչ» գոտում, «Կարմիր կամուրջ» և «Սադախլո» անցակետերի միջակայքում ձերբակալել են «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու նախկին աջակից Գեորգի Բաչիաշվիլուն: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցը:

Բաչիաշվիլին Վրաստանում մեղադրվում է երկու քրեական գործով և ազատության մեջ էր գտնվում գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության հանգամանքով: Մարտի 4-ին նա սոցիալական ցանցերում գրառում է կատարել, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ուստի երկրից հեռացել է:

Այդ կապակցությամբ Վրաստանում նրա դեմ երրորդ քրեական գործն է հարուցել՝ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Վրաստանի պատկան մարմինները հետաքննում են երկիրը լքելու հարցում նրան օժանդակ անձանց բացահայտման գործը:

Բաչիաշվիլի դեմ գլխավոր մեղադրանքը Բիձինա Իվանաիշվիլուց խարդախության միջոցով 850 միլիոն դոլարի համարժեք կրիպտոարժույթի հափշտակումն է, բայց նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Ի՞նչ հանգամանքներում են սրվել Բաչիաշվիլի-Իվանիշվիլի հարաբերությունները, որքանո՞վ է հիմնավոր մեղադրանքը, բացառապես Վրաստանի ներքին գործն է:

Այս պատմությունն ուշադրության է արժանի երկու հանգամանքով. որքանով հասկացվում է Բաքվի մամուլի հրապարակումներից, Վրաստանի քաղաքացի Գեորգի Բաչիլաշվիլին վրացական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է Ադրբեջանից Վրաստան անցնելու փորձի ընթացքում: Հարևան բոլոր երկրների հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները 2020 թվականի հունվարից փակ են:

Այդ դեպքում Բաչիլաշվիլին ինչպե՞ս է հատել ադրբեջանական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետը և մտել «կանաչ գոտի»: Եթե ճիշտ է, որ նա մարտի 4-ին սոցցանցային գրառում է կատարել, որ Վրաստանից հեռացել է, ուրեմն այդ պահին արդեն գտնվել է արտերկրում:

Եթե նա հատել է վրաց-ադրբեջանական սահմանը, ապա անցած շուրջ երեք ամիսներին կամ գտնվել է Ադրբեջանում, կամ Ադրբեջանից անցել է երրորդ երկիր և կրկին վերադարձել:

Փակ սահմաններ ունեցող երկրում օտարերկրյա քաղաքացու տեղաշարժը չէր կարող աննկատ մնալ: Պետք է ենթադրել, որ Բաչիլաշվիլին ապաստան է ընտրել Ադրբեջանը, ինչը Վրաստանի հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, և Թբիլիսին պահանջել է, որ նա ձերբակալվի և արտահանձնվի:

Ըստ էության, այդպես էլ եղել է: Վրաստանից կյանքին վտանգ սպառնալու պատճառաբանությամբ հեռացած Բաչիաշվիլին կրկին այնտեղ վերադառնալու ցանկություն հազիվ թե ունենար: Ադրբեջանի պատկան մարմինները նրան պարզապես հասցրել են սահման և հանձնել Վրաստանի հատուկ ծառայություններին:

Հարևան երկրների միջև այդ կարգի հարցերը լուծվում են փոխադարձ պայմանավորվածությամբ: Արտառոցն այն է, որ Վրաստանի իշխող կուսակցության և երկրի փաստացի առաջնորդի անձնական հակառակորդը մի քանի ամիս, ամենայն հավանականությամբ, ապրել է Ադրբեջանում:

Դա արդեն իսկ սկանդալ է, որ անհետևանք չի կարող մնալ: