17/06/2025

Նազարբաևը կրկին Կրեմլում․ Պուտինի ուղերձը նախկին Խորհրդային հանրապետությունների ղեկավարներին

Մայիսի 29-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինը հյուրընկալեց Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Առաջին հայացքից՝ արարողակարգային հանդիպում։ Բայց իրականում՝ քաղաքական մեսիջ։

Եվ դրա հասցեատերը ոչ միայն Ղազախստանի գործող նախագահ Տոկաևն էր, այլ նաև նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների ղեկավարները, որոնք փորձում են հեռանալ Մոսկվայի ուղեծրից։

Պուտինը տարիներ շարունակ կիրառում է այս մեթոդը՝ նախկին առաջնորդների հանդեպ ցուցադրական ջերմ վերաբերմունքը որպես ուղերձ ներկա ղեկավարներին։ Դա ուղերձ է՝ «Ձեզ չեմ վստահում, բայց տես՝ ես այլընտրանք ունեմ»։

Նուրսուլթան Նազարբաևը պատահական մարդ չէ Կրեմլի հիշողության քարտեզում։ Նա ԱՊՀ ստեղծման կնքահայրերից մեկն է և մինչ այսօր ընկալվում է որպես Մոսկվայի հին, հավատարիմ գործընկերներից։

Տոկաևը վերջին ամիսներին ակնհայտորեն հեռանում է Մոսկվայից՝

Նա սերտացնում է հարաբերությունները Չինաստանի հետ։ Պեկինը դարձել է Ղազախստանի թիվ մեկ առևտրային գործընկերը։ Երկու երկրները համատեղ նախագծեր են իրականացնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում։

Աստանայում մայիսին տեղի ունեցավ ԵՄ–Միջին Ասիա գագաթնաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին համաձայնագրեր հազվագյուտ հանքավայրերի, կանաչ էներգիայի և տեխնոլոգիական ներդրումների շուրջ։

Նազարբաևին Կրեմլում ընդունելը ոչ միայն ուղերձ էր Ղազախստանի ներկա ղեկավարին, այլ նաև փորձ՝ հիշեցնելու մյուս նախկին խորհրդային հանրապետություններին, որ Մոսկվան շարունակում է երազել բոլորին մի տանիքի տակ հավաքելու մասին։ Սա պարզապես անձնական հարգանքի նշան չէր, այլ՝ կայսերական հիշողության ակտիվացում, որտեղ Նազարբաևի նման «հին գործընկերները» ծառայում են որպես խորհրդանիշ՝ երբեմնի միասնականության և հնարավոր վերակազմավորման։

Օրինակներ նախկին այլ հանրապետություններից

Հայաստան

Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց Եվրոպայի և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն, Կրեմլը ակնհայտորեն սկսեց քաջալերել նախկին նախագահներին։ Պուտինը պարբերաբար շնորհավորում էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը նույնիսկ նրա կալանքի ժամանակ։ Շարունակում էր շեշտել Սերժ Սարգսյանի դերը՝ շրջանցելով գործող վարչապետին։

Մոլդովա

Մայա Սանդուի նախագահ դառնալուց հետո Մոսկվան պահպանում էր կապերը նախկին նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Դոդոնը հաճախում էր Մոսկվա՝ որպես «հնարավոր այլընտրանք», մինչդեռ Սանդուն մնում էր եվրոպական ճանապարհին։

Ուկրաինա

Մայդանից հետո Պուտինը պահեց Վիկտոր Յանուկովիչին որպես սիմվոլիկ գործոն՝ իբր «օրինական» ղեկավար։ Նրան պահում էին որպես սիմվոլիկ գործոն՝ երբեմն փորձելով օգտագործել բանակցային գործընթացներում որպես անցյալի «օրինական» ղեկավար։

Նազարբաևի հանդիսավոր ընդունելությունը Կրեմլում հերթական քարոզչական բեմադրությունն է՝ հստակ ուղերձով․ Պուտինը իր զինանոցում դեռ ունի հին խաղացողներ և նպատակներ, որոնցից նա երբեք չի հրաժարվել։