Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնանկ է եղել ոստիկանապետ, ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Նաև հայտնի է, որ նրա փոխարեն ոստիկանապետ, ՆԳՆ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Լոռու մարզպետ Արա Ղազարյանը, որը մինչև այդ եղել է ոստիկանությունում, իսկ 2018 թվականի շարժման օրերին էլ զբաղեցրել է Լոռու ոստիկանապետի պաշտոնը:
Նիկոլ Փաշինյանի որոշումը հաջորդում է Հայաստանում հասարակական հարաբերություններում հերթական աղմկոտ և ողբերգական պատմությունների շարքին, որը ցավալիորեն վկայեց, որ Հայաստանում չկա աշխատող իրավապահ համակարգ:
«Վերջին կաթիլը» գուցե եղել է այսօր տարածված տեղեկությունը, որ հերթական «ռազբորկան» է եղել հրազենի գործադրմամբ: Անշուշտ, միանգամայն տրամաբանական է ոստիկանապետի պաշտոնանկության որոշումը, բայց անկասկած է նաև, որ այդ որոշումը չի կարող լինել բավարար:
Ավելին, այդ որոշումը փաստացի կարող է դառնալ ընդամենը հանրության վրա տպավորություն թողնելու, գոլորշի բաց թողնելու, խոշոր հաշվով՝ նախընտրական քարոզչական էֆեկտի միտված քայլ: Հետևաբար, կառավարության ղեկավարի արձագանքը պետք է չափվի ոչ թե այդ պաշտոնանկությամբ, այլ հաջորդիվ իրավիճակի փոփոխությամբ:
Առավել ևս, որ ընդամենն ամիսներ առաջ եղավ ուժային բլոկի, այդ թվում՝ ՆԳՆ նախարարի պաշտոնանկություն, նոր նշանակումներ, բայց իրավիճակի զրո փոփոխություն:
Հետևաբար, ցուցիչը կարող է լինել միայն իրավիճակի տեսանելի փոփոխությունը և հանրային կյանքում հասարակական կարգի պահպանության հարցում իրավապահ համակարգի արդյունավետությունը:
Հասարակական կարգի պահպանություն ոչ թե քաղաքական ակցիաների ընթացքում միայն, այլ հասարակական կարգի պահպանություն ու հանրության պաշտպանություն տարբեր քրեական ենթամշակութային դրսեւորումներից, «ռազբորկաներից»:
Հայաստանում հասարակական միջավայրում խուլիգանությունը, «ռազբորկան», նմանօրինակ որևէ դրսեւորում պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության և պետք է հասցվի զրոյի:
Երևույթը, ենթամշակույթը կարող է և չվերանալ, բայց դրա հանրային դրսևորումները զրոյի հասցնելը հնարավոր է, անհրաժեշտ է, և պետք է լինի պետական խնդիր: Այդ հարցում միայն գործնական փոփոխությունը կարող է լինել աշխատանքի ցուցիչ:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ պարտվեց ծայրահեղ աջ թևը. 11 դաս Եվրոպայի համար՝ Շվեդիայի ընտրությունների արդյունքներից
Տնտեսական դժվարությունները չեն ծնում ծայրահեղ աջերին, բայց դրանք ապահովում են նրանց աջակիցներով
«Օգտակար գործընկերություն». ԵՄ ասոցացված անդամակցության էությունը