2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի որոշում կայացրեց` եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Որոշման մեջ ասված էր. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
Եվ հրապարակվեց աշխատանքային խմբի կազմը` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ: Այդ խումբը 6 տարվա ընթացքում 2 կամ 3 հանդիպում է ունեցել` ստեղծման առաջին շրջանում, եւ, այսպես ասած, անցել պատմության գիրկը: Ինչպես այս իշխանության բազում նախաձեռնություններ, սա էլ է մնացել թղթի վրա:
Մինչդեռ այն նախատեսված էր եկեղեցի-պետություն հարաբերությունները կանոնակարգելու եւ հատկապես` եկեղեցու հարկման հարցերը կարգավորելու համար: Բայց, ըստ էության, ոչինչ չի արվել այդ ուղղությամբ` հարցերը թողել են առկախված, որ ցանկացած պահի շահարկեն, նորից խոսեն մոմ ծախելու, հարկեր չվճարելու մասին եւ թիրախավորեն եկեղեցին:
Մեզ հատկապես հետաքրքրեց կառավարության ձեւավորած աշխատանքային խմբի կազմը, որի մեջ այն ժամանակ ընդգրկվել էին գրեթե բոլոր գերատեսչությունների երկրորդ դեմքերը` նախարարների տեղակալների մակարդակով.
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյան
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Սարգիս Թորոսյան
Մայր Աթոռից խմբի կազմում ընդգրկվել են.
Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը
Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը
Մայր Աթոռի իրավախորհրդատվական խմբի անդամ Արա Զոհրաբյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի տեսուչ Ա. Հովհաննիսյանը:
Հետագայում` 2020-21 թթ., խմբի կազմը փոփոխվել է, օրինակ, ընդգրկվել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, եւ ղեկավար է նշանակվել վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Արսեն Թորոսյանը, բայց խմբի ակտիվությունը չի աճել:
Եթե եկեղեցու ներկայացուցիչները՝ բոլորն այսօր պաշտոն են զբաղեցնում կամ ընդգրկված են Մայր Աթոռի կառույցներում, ապա կառավարության ներկայացրած կազմը գրեթե ամբողջությամբ այլեւս չի աշխատում:
13 պաշտոնյայից այսօր աշխատում է ընդամենը 4 հոգի` Սարգիս Թորոսյանը, Արման Պողոսյանը, Ավագ Ավանեսյանը եւ Ժաննա Անդրեասյանը: Մյուս բոլորը վաղուց պաշտոնանկ են արվել ու հեռացել պետական կառավարումից: Սա եւս խոսում է այն հեղհեղուկ, անծրագիր ու անպատասխանատու վիճակի մասին, որը տիրում է երկրում 2018 թվականից ի վեր:
Ի վերջո, պետական կառավարումը խաղուպար չէ, որ տարիներով ապարատում աշխատած անձանց փողոց նետես եւ տարբեր ուսապարկերով, խնամի-ծանոթ-բարեկամներով համալրես այն եւ արդյունք ստանաս: Դրա հետեւանքով էլ ունենք այս խայտառակ կառավարման ճգնաժամն ու տգիտությունը` երկրով մեկ:
Բաց մի թողեք
Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր
Ծիծեռնավանքը դարձնում կամ կոչում է Աղօղլանի վանք․ Լուսանկար
Սյունիքի հանդեպ առաջացած անմիջական սպառնալիքի մասին