Հունիսի 2-ի բանակցություններից կարճ ժամանակ անց Ռուսաստանի պետական լրատվամիջոցները հրապարակել են հրադադարի հաստատման սկզբունքների մասին Մոսկվայի հուշագիրը, որ Ստամբուլում փոխանցվել է ուկրաինական կողմին:
Այդ փաստաթուղթը, ըստ էության, համադրում է քաղաքական բոլոր հայտարարությունները, որ ավելի քան երեք տարի է՝ հնչեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ավելի բաց՝ արտգործնախարար Լավրովը: Դա կապիտուլյացիայի վերջնագիր է, որ արդեն ներկայացվում է ոչ միայն Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը:
«Ստամբուլի բանակցությունները նրա համար չեն, որպեսզի ինչ-որ մեկի կողմից հնարած սկզբունքների հիման վրա փոխզիջումային խաղաղություն հաստատվի: Բանակցությունները Ռուսաստանի հաղթանակի և Կիևի նեոնացիստական իշխանության լիակատար ոչնչացման համար են»,- հունիսի 3-ին թելեգրամյան գրառում է կատարել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևը:
Ստամբուլի բանակցություններին ընդառաջ նա սպառնացել էր, որ եթե Ուկրաինան «ողջամիտ պայմանները չընդունի, ապա կկորցնի հարավի խոշոր քաղաքները և Սև ծովի հետ ցամաքային կապը»: Այդ առթիվ արևմտյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Քելոգը ՌԴ նախագահ Պուտինին «խնդրել է խելքի բերել Մեդվեդևին»:
Երևում է՝ Ռուսաստանի նախագահն իր տեղակալին ոչ թե «խելքի գալու», այլ միջազգային հանրությանը միջուկային պատերազմով սպառնալու հերթական խորհուրդն է տվել: Հակառակ պարագայում նա թույլ չէր տա դիվանագիտության պատմության մեջ նախադեպը չունեցող՝ «բանակցություններ՝ հանուն հաղթանակի» վերջնագրային լեզվով խոսել ոչ միայն Ուկրաինայի, այլև արդեն իսկ Միացյալ Նահանգների, Եվրոպայում նրա դաշնակիցների, վստահաբար կարելի է ասել՝ ողջ միջազգային հանրության հետ, որովհետև ներգրավված բոլոր դերակատարները ձգտում են ոչ թե լեգիտիմացնել Ռուսաստանի ագրեսիան, այլ հասնել փոխզիջումային կարգավորման, որ Պուտինին դեմք փրկելու հնարավորություն կընձեռի:
Կարելի է, թերևս, Մեդվեդևի գրառումը համարել ցնցակաթվածի հետևանք, հունիսի 1-ին Ուկրաինայի իրականացրած «Սարդոստայն» հատուկ գործողությունը դեռ շատ երկար է «նյարդայնացնելու» Կրեմլին, բայց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը հազիվ թե չի հասկանում, որ «բանակցություններ՝ հաղթանակն ամրագրելու համար» դիրքորոշումը լիովին լեգիտիմացնում է ուկրաինական ապագա հարվածները և հատուկ գործողությունները, ինչպես նաև՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը, որովհետև Մեդվեդևի, այսինքն՝ Պուտինի կողմից միջազգային քաղաքականության ընդունված սկզբունքների կոպիտ ոտնահարումն արդեն շոշափում է եվրոպական երկրների անվտանգությունը, Միացյալ Նահանգների հեղինակությունը:
Կրեմլը Մեդվեդևի կողմից գործածված «ինչ-որ մեկի կողմից հնարված ոչ իրատեսական սկզբունքներ» ձևակերպմամբ փաստացի ապալեգետիմիացնում է Պուտին-Թրամփ դիվանագիտական «մարաթոնը», որ պետք է ավարտվեր նրանց հանդիպմամբ և «գործարքի կնքմամբ»:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես և կանխատեսում էին միջազգային հեղինակավոր փորձագետները, առնվազն մինչև աշուն շարունակելու է պատերազմը:
Այլ տարբերակ Վլադիմիր Պուտինը պարզապես չունի: Ռուսաստանում ազգայնական իմպերիականությունը հասել է մի կետի, որից նահանջը նրան կարժենա պատմական ֆիասկո:
Բայց Պուտինի հաղթանակն էլ կնշանակի միջազգային իրավունքի ֆիասկո, համաշխարհային քաղաքականության բոլոր ավանդույթների չեղարկում: Կրեմլը իրավունքի ուժին հակադրում է ուժի իրավունքը: Ո՞վ և ինչպե՞ս կընդունի այդ մարտահրավերը: Իսկ եթե չընդունի՞:
Բաց մի թողեք
Իսրայելի համար Իրանի հետ հյուծիչ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգավորության մասին
Էրդողանը կկանգնի տարածաշրջանը «հոշոտողների» կողքի՞ն, իսկ Իրանը կկապիտուլացվի՞
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի քանի կարևոր օբյեկտների, Իրանը սպառնում է պատասխանել․ Լուսանկար