«Սահմռկեցուցիչ եւ դաժան էթնիկ զտում իրականացնել, այնուհետեւ հրապարակայնորեն հայտարարել, թե հայերը պարզապես վերաբնակեցվել են Հայաստանում։ Ցինիզմի աստիճանը ապշեցուցիչ է», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է բարձրագույն իշխանությունների՝ անձամբ բռնապետի (ինչպես Ալիեւին է կոչել Աբրահամյանը – խմբ․) կողմից։ Նա շեշտել է, որ սա ոտնահարում է խաղաղության հասնելուն միտված ջանքերը։ Ըստ իրավապաշտպանի՝ հայերի նկատմամբ քարոզվող ատելության նպատակներից է՝ շեղել ադրբեջանական բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ համախմբելով նրանց «մշակված» արտաքին թշնամու դեմ։
Գայանե Աբրահամյանը Իլհամ Ալիեւին համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կրկնօրինակելով նրա մտերիմ դաշնակից Կրեմլի Պուտինի քայլերն ու նարատիվները՝ Ալիեւը բացեիբաց կոչ է արել զտել տարածաշրջանը հայերից եւ հայկական ֆաշիզմից», – ընդգծել է իրավապաշտպանը եւ շարունակել՝ «Հայաստանի ապանացիֆիկացման եւ ապառազմականացման մասին իր հռչակած քաղաքականությունը Պուտինի նույն արդարացումն է՝ Ուկրաինա ներխուժման համար»։
Ըստ Աբրահամյանի՝ «Արեւմտյան Ադրբեջանի» նարատիվը նույնպես ոգեշնչում է ստանում Ուկրաինայում Պուտինի գործողություններից։ «Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում», – եզրափակել է Աբրահամյանը։

Բաց մի թողեք
2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ
Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
Եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Լուսանկար