06/06/2025

Հայաստանի համար հիմնարար նշանակության զարգացումները

ԱՄՆ նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խոսել է այն մասին, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը կտարբերվի վերջին հարյուր տարվա ընթացքից, քանի որ չի հաջողվել այդ ընթացքում ռազմավարություններից և ոչ մեկը:

Նա այդ մասին հայտարարել է իր հարցազրույցի ընթացքում՝ ասելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների ու անկայունության պատճառն այն է, որ Արևմուտքը փորձել է Արևելքին պարտադրել իր տեսլականը:

«Ամերիկան ​​այլևս գլոբալիստ չի լինի, այլևս չի հետևի նեոպահպանողական գաղափարներին։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և փոխըմբռնում»,- հայտարարել է նա:

Սրանք, ըստ էության, Մերձավոր Արևելքում հեղափոխական փոփոխությունների ուրվագծեր պարունակող հայտարարություններ են, որոնք, իհարկե, չեն կարող համարվել ամերիկյան քաղաքականության «աստվածաշնչյան» ճշմարտություններ, բայց, անկասկած, արտահայտում են ԱՄՆ նախագահ Թրամփի մերձավորարևելյան քաղաքականության փիլիսոփայության ու հայեցակարգի հիմնական շերտերը:

Ընդ որում, Թրամփը նաև արաբական երկրներ կատարած իր այցելությունով նախանշեց մեծ փոփոխությունները, որոնք արդեն իսկ ծավալվում են Մերձավոր Արևելքում: Հայաստանի համար հիմնարար նշանակության զարգացումները ծավալվում են այստեղ, այլ ոչ թե ուկրաինական ճակատում, ինչպես ընդունված է համարել:

Այո, Ուկրաինայում տեղի ունեցողը անկարևոր չէ, սակայն Մերձավոր Արևելքը այն ռեգիոնն է, որտեղ մենք ենք, և, հետևաբար այստեղ հեղափոխական փոփոխությունները անկյունաքարային են մեզ համար:

Հայաստանը պետք է ձևակերպի այդ ամենի հանդեպ իր հիմնարար, հայեցակարգային մոտեցումները, որպեսզի ռեգիոնալ մեծ վերափոխման պրոցեսում ունենա սուբյեկտային մասնակցության, այլ ոչ թե օբյեկտային ներկայության «ճակատագիր»:

Որովհետև փոփոխությունները իրենց մեջ պարունակելու են թե հնարավորություններ, թե ռիսկեր, մարտահրավերներ և անգամ սպառնալիքներ: Մերձավոր Արևելքի ճարտարապետության փոփոխության գործընթացը, իհարկե, չի լինելու հարթ և չի ավարտվելու արագ:

Ավելին, դրան, թերևս, պետք է վերաբերել որպես տևական մի պրոցեսի, և պատրաստվել հենց դրա, այլ ոչ թե պրոցեսի որևէ արդյունքի հանդեպ դիրքավորման: Որովհետև Վաշինգտոնը սկսել է թերևս պրոցեսը, բայց արդյունքը, անշուշտ, ձևավորվելու է դրան ընթացքում, քանի որ հարցը լինելու է աշխարհաքաղաքականության գլխավոր սեղանին, որի շուրջ առայժմ հաստատուն ներկա են երեքը՝ ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան: