06/06/2025

Քաղաքական դիվիդենտներ հավաքելու, քաոս եւ պառակտվածություն առաջացնելու նպատակով են արվում

Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների լարվածության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կաթողիկոսի ընտրության հարցում պետության դերակատարման անհրաժեշտության մասին եւ այն մասին, որ այդ ընտրության ժամանակ «կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում»։

Բայց առավելապես նրա սիրելի թեման է դարձել կուսակրոնության ուխտը, որը, իր կարծիքով, խախտել են կաթողիկոսն ու սրբազանները: Մայր Աթոռն արձագանքեց այդ հայտարարություններին՝ շեշտելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։

«Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքն ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է՝ նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ:

– Իշխանությունները եթե նախկինում եկեղեցուն հարվածում էին ծածուկ, խոսում էին հարկերից, մոմավաճառության գումարներից, այսօր արդեն ներխուժել են հոգեւորականների անկողին, քննարկում են, թե ով ում հետ կենակցեց, ինչպես կենակցեց, կասկածի տակ են դնում Գարեգին Բ-իեւ սրբազանների կուսակրոնության հարցը: Ինչո՞ւ է իշխանությունը թիրախավորել եկեղեցականներին ու, առհասարակ` Հայ առաքելական եկեղեցին:

– Կա մինիմում եւ մաքսիմում ծրագիր ասվածը, այսինքն` նվազագույն եւ առավելագույն: Նվազագույնն այն է, որ արտաքին պարտադրանքի ուժով սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու, եւ Հայ առաքելական եկեղեցու դերը պետք է բացառեն: Եվ որպեսզի այդ ամենն իրականացվի, պետք է համապատասխան ծածկույթ, տեղեկատվական ֆոն ապահովվի: Առավելագույնն էլ այն է, որ կրկին արտաքին շահագրգիռ ուժերի պարտադրանքի ներքո հարված է հասցվում վերջին ազգային ինստիտուցիոնալ կառույցին, որն իրենից ներկայացնում է գոյութենական վտանգ թե՛ հայ ազգի անվտանգության, թե՛ Հայաստանի Հանրապետության պետականության կորստի առումով: Այս երկու ծրագրերի կողքին կա նաեւ մեկ այլ քողարկված ծրագիր, որը կապված է էլեկտորալ հնարավորությունների հետ, այսինքն` առաջիկա ընտրություններին իշխանությունները փորձում են ժամանակավոր առավելություններ ստանալ: Այսօրվա իշխանությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, էլեկտորատի մոտ փորձում է այնպիսի հակաեկեղեցական տրամադրություններ ստեղծել, որոնք, մի կողմից, կշեղեն հանրության մի մասի ուշադրությունը, մյուս կողմից էլ՝ կհրահրեն ներազգային պառակտվածություն, իսկ պառակտված հանրության դեպքում էլեկտորալ հնարավորություններ ձեռք բերելը դյուրին է թվում իշխանության համար:

– Մայր Աթոռը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ միաբանության, համախմբվածության կոչեր արեց: Ոմանք այս հայտարարությունից փոքր-ինչ հիասթափվեցին, քանի որ հանրության ընդդիմադիր շերտը, որն արդեն մեծամասնություն է, առավել կտրուկ գործողություններ էր եկեղեցուց ակնկալում:

– Առանց այդ էլ պառակտված հասարակության ներսում ռազմատենչ ու ռազմագոչ հայտարարություններով հանդես գալը երեւի թե առաքելական եկեղեցու կողմից այնքան էլ ճիշտ չէր լինի: Եկեղեցին, հավանաբար, քննարկումների արդյունքում եկել է այն համոզմունքին, որ առանց այդ էլ պառակտված հասարակության ներսում պետք է լինել հնարավորինս նրբանկատ: Այո, այս ամենը կարող է տարաբնույթ կարծիքներ առաջացնել` սպասումների առումով: Ժողովրդի մի մասը սպասումներ ուներ եկեղեցուց, որ եկեղեցին պետք է ազատագրական պայքարի դրոշը բարձրացներ եւ համախմբեր բոլոր ուժերին՝ երկրում քաղաքական ռեֆորմացիաներ իրականացնելով: Ես լիարժեքորեն հասկանում եմ նման մարդկանց, սակայն հանրության ներսում միեւնույն ժամանակ կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են եկեղեցու նրբանկատության պատճառը: Չի կարելի հոգեւոր դասին որեւէ հարցում մեղադրել: Հոգեւոր դասից քաղաքական առաջնորդություն սպասելն արկածախնդրություն է, սակայն հոգեւոր առաջնորդություն սպասելն ազգային պարտադրանք է:

– Այն, որ իշխանությունները հոգեւորականների սպիտակեղենը փռել են հանրության առաջ, ինչի՞ կարող է հանգեցնել: Ո՞րն է իշխանության կողմից կիրառվող այս փողոցային բառապաշարի իմաստը:

– Վարչապետի գործը չէ, թե ով ինչով է զբաղվում, նա լավ կանի՝ իր չորս երեխաներով զբաղվի: Ամեն մարդ ունի իր ներքին պարտավորությունները: Հայրապետն ունի զավակ, թե չունի՝ այդ հարցը մեզ` աշխարհիկներիս, չի վերաբերում, այդ թվում` քաղաքական նկրտումներ հետապնդող վարչապետին: Հայ առաքելական եկեղեցին իր ներքին կարգուկանոնով լավ գիտի իր անելիքները, եւ մենք չէ, որ պետք է նրանց ուղղորդենք՝ մտնելով եկեղեցու նվիրապետական կանոնակարգերի մեջ:

Եկեղեցին ունի 1700 տարվա անխափան ժամանակագրական պատմություն, եւ մենք չենք կարող թելադրել եկեղեցուն, թե ինչ պետք է անեն, դա վարչապետի գործը չէ, ճիշտ վարչապետը եկեղեցական կառույցի մասին շեշտադրումներ չի անում, այս հայտարարությունները միմիայն քաղաքական դիվիդենտներ հավաքելու, քաոս եւ պառակտվածություն առաջացնելու նպատակով են արվում: