Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Իսլամական հանրապետության հետախուզական ծառայություններն Իսրայելից դուրս են բերել ռազմավարական նշանակության հսկայական քանակի գաղտնի տեղեկություններ, փաստաթղթեր, ներառյալ միջուկային ծրագրերն ու օբյեկտների տեղաբաշխումը:
Ըստ տեղեկությունների, այդ հատուկ գործողությունն իրականացվել է «որոշ ժամանակ առաջ», բայց փաստաթղթերի և կրիչների Իրան տեղափոխումը պահանջել է լռություն պահպանել: Փաստաթղթերի քանակն այնքան մեծ է, որ դրանց դիտարկումը և ուսումնասիրումը զգալի ժամանակ կպահանջի:
Այս տեղեկատվության վստահելիությունը բավական բարձր է: Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը տեղեկացրել է Իսրայելի երկու քաղաքացու՝ Ռոյ Մեզրախին և Ալմուգ Աթիասին ձերբակալելու մասին: Նրանք Նեշեր քաղաքի բնակիչներ են և կասկածվում են Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Իսրայելական Vesty.go.il-ը, հղում անելով արաբական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Եգիպտոս կատարած այցի ընթացքում ներկայացրել է «Մերձավոր Արևելքն՝ առանց միջուկային զենքի» գաղափարը, որ Կահիրեն «պետք է ներկայացներ Վաշինգտոնին»:
Իսրայելական լրատվամիջոցի դիտարկմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում քննարկման է դրել Իսրայելի միջուկային «կարողությունների հարցը»: Որքանով հասկացվում է՝ Իսլամական հանրապետության մոտեցումն այն է, որ եթե Իսրայելն ունի «միջուկային կարողություններ», ապա Իրանը նույնպես կարող է ունենալ:
Ըստ երևույթին, ամերիկյան կողմը հերքել է, որ Իսրայելին միջուկային «մարտագլխիկներ և տեխնոլոգիաներ է հատկացրել»: Եթե տեղեկությունը, որ իրանական հետախուզությանը հաջողվել է Իսրայելի միջուկային ծրագրերի և օբյեկտների մասին տեղեկություններ ստանալ, ապա իրանա-ամերիկյան բանակցություններում կարող է լուրջ բարդություն առաջանալ:
Իսլամական հանրապետությունն, ամենայն հավանականությամբ, այդ տեղեկատվությունը չի հրապարակայնացնի, բայց ԱՄՆ-ի հետ բանակցություններում կօգտագործի որպես սեփական միջուկային ծրագիրը պահպանելու հիմնավորում:
Պետք է նկատի ունենալ, ո իրանա-ամերիկյան բանակցություններն ընթանում են Օմանի միջնորդությամբ, ուստի հավանական է, որ իրանական կողմը միջնորդին որոշ տեղեկություններ փոխանցի՝ կապված Իսրայելի միջուկային ծրագրի հետ: Իսրայելական մամուլն ակնարկում է, որ այդ հարցում «անհանգստություններ ունի նաև Եգիպտոսը»:
Իսրայելի միջուկային ծրագրերի հանդեպ չեն կարող անտարբեր լինել Պարսից ծոցի արաբական միապետությունները, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը, Սիրիան, Լիբանանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս է այցելել Պարսից ծոցի արաբական երկրներ, ստորագրվել են ներդումային լուրջ պայմանագրեր: Եթե Իրանը դիվանագիտական խողովակներով Իսրայելի միջուկային ծրագրերի մասին այդ երկրներին տեղեկություն փոխանցի, ապա ԱՄՆ-ի նախագահի մերձավորարևելյան նախաձեռնությունները կբախվեն լուրջ դժվարությունների:
Իսրայելի միջուկային ծրագրերի և օբյեկտների մասին տեղեկատվություն ձեռք բերելու մասին հատուկ հաղորդում է կազմակերպել Իրանի պետական հեռուստատեսությունը: Դա վկայում է, որ Իսլամական հանրապետությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել դիվանագիտական հետագա քայլերի քարոզչական ապահովման շատ կարևոր գործին:
Մնում է ենթադրել, թե Իրանն ունեցած տեղեկություններն ի՞նչ նպատակով կօգտագործի, կարագացնի «Մերձավոր Արևելքն՝ առանց միջուկային զենքի» գաղափարը, թե՞ կաշխատի «միջուկային տերության» իր կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Հետաքրքրական է նաև, որ Իսրայելից հետախուզական հույժ կարևոր տեղեկություններ ձեռք բերելու մասին Թեհրանն «արտահոսք է կազմակերպել» մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
Ընդ որում, ԱՄՆ-ը կարևորել է «Իրանին համոզելու» հարցում Վլադիմիր Պուտինի դերակատարությունը: Մի՞թե Իսրայելի միջուկային ծրագրերում նաև ռուսաստանյան «հետք է դիտարկվում»:
Բաց մի թողեք
Որպեսզի Աստանան չարդարացնի «թյուրքական ռազմավարության» հարցում ակտիվ աջակցության Էրդողանի ակնկալիքը
Սարերի տարբերություն կա նրանց խոսքում, մտածումներում եւ գործողություններում
Ինչ է կատարվում հայ – վրացական հարաբերություններում՝ բացասական է