09/06/2025

Փաշինյանը կոչ է անում շրջափակել Վեհարանը, ի՞նչ կանեն Մայր աթոռում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականացնել իր լավ ծրագրված արշավը եկեղեցու դեմ։ Նա հայհոյեց սրբազաններին, կաթողիկոսի կուսակրոնության մասով խայտառակ գրառումներ կատարեց, իսկ այսօր ուղիղ սպառնալիք հնչեցրեց։

Իր գրառուման մեջ նա կրկին անդրադարձել է կաթողիկոս Գարեգին Բ–ին. «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։

Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի»։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել Վեհարանը, հեռացնել կաթողիկոսին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցրել են, թե ինչպիսի՞ն է Մայր Աթոռի դիրքորոշումը կոնկրետ ու շատ հստակ այս սպառնալիքին և հետագա քայլերը։ Սակայն, այս անգամ էլ Մայր Աթոռը մեկնաբանություն չունի։ «Առանց մեկնաբանության»,– նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։