09/06/2025

Փաշինյանը պարտավոր էր նույն կերպ անդրադառնալ նաև Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին․ Աղազարյան

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը կասկածի տակ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անկեղծությունն ու օբյեկտիվությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին արված հայտարարության մեջ։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աղազարյանը նշեց, որ եթե վարչապետը իրականում ցանկանում էր արդար գնահատական տալ անցյալի քաղաքական գործիչներին, ապա պարտավոր էր նույն կերպ անդրադառնալ նաև Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին։

«Եթե դու մի անձի վերաբերյալ նման գնահատական ես տալիս, իսկ մյուսներին շրջանցում ես, նշանակում է՝ գործում ես ընտրովի սկզբունքով և առաջնորդվում ես ոչ թե սկզբունքայնությամբ, այլ նպատակահարմարությամբ։ Դա ազնիվ մոտեցում չէ։ Փաշինյանն այստեղ ֆիքսված է որոշ գաղափարների վրա և ընտրում է այն, ինչ իրեն հարմար է», – նշեց Աղազարյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ՀՀ առաջին նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմանը՝ նշելով. «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։

Հովիկ Աղազարյանը դրական վերաբերմունք ունի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, սակայն նրա օգտին ձայն չի տալու։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իր քաղաքական դիրքորոշումն ուժի մեջ է մնում և որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել, որպեսզի փոխի այն։

Աղազարյանն ընդգծել է, որ իր ու  Հակոբ Ասլանյանի գլխավոր նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է՝ 2026 թվականին ձևավորելու համար մի իշխանություն, որը, իրենց համոզմամբ, կլինի ամենաիրավազորն ու օրինականը վերջին տարիների ընթացքում։

Նրա խոսքով, այդ ճանապարհին ամենահարմար թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Աղազարյանը վստահ է, որ Մարուքյանի թեկնածությունը կարող է ընդունելի լինել ինչպես իշխող ՔՊ խմբակցության, այնպես էլ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» խմբակցության և արտախորհրդարանական ուժերի համար։

Աղազարյանը նաև ընդգծել է, որ ավելի իրատեսական է համարում, որ ՔՊ-ից որոշ պատգամավորներ միանան իրենց՝ Ասլանյանի և Մարուքյանի նախաձեռնությանը, քան աջակցեն Դավիթ Համբարձումյանին։ Նա հավելել է, որ որոշ ՔՊ-ականների հետ արդեն խոսել է, և նրանք պատրաստակամություն են հայտնել քվեարկել Մարուքյանի օգտին, թեև կոնկրետ անուններ չի նշել։