ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մասնակցելով երկրի առաջատար տնտեսագետների հետ հանդիպմանը, լրագրողների հետ կարճատև շփման ժամանակ անդրադարձել է նախօրեին Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ քառասուն րոպե տևած հեռախոսազրույցին:
Նա ասել է, որ Նաթանյահուին խորհուրդ է տվել նախընտրել հարաբերությունների կարգավորման դիվանագիտական միջոցները:
«Ես նրան ասել եմ՝ քեզ անհրաժեշտ է Իրանի հետ բանակցություններ վարել: Այդպես ավելի լավ կլինի: Սա, հավանաբար, ամենալավ գաղափարն է, որ ես կարող եմ այսօր քեզ առաջարկել: Վեր կաց և բանակցություններ սկսիր»,- Նաթանյահուի հետ հեռախոսազրույցն այսպես է ներկայացրել ԱՄՆ նախագահը:
Միաժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հետ հասնել «ավերածությունները և մահերը կանխող համաձայնության»:
Միացյալ Նահանգների նախագահն անոնսավորել է, որ Իրանի հետ Օմանի միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլը կկայանա հունիսի 12-ին: «Մենք մինչ այդ պահը կսպասենք: Նրանք չեն ցանկանում (ուրանի հարստացման ծրագրից) հրաժարվել, իսկ մենք՝ ընդհակառակը, ցանկանում ենք, որ նրանք դադարեցնեն դա»:
Թրամփի գնահատմամբ՝ «Իրանը դեռևս այն դիրքորոշման չի եկել, որ կցանկանար ԱՄՆ-ը»: Թրամփը Միացյալ Նահանգների համար «անընդունելի» է համարել համաձայնագրի այն տարբերակը, որ առաջարկել է Իրանը: «Ինձ համար տհաճ է այդ մասին խոսել, քանի որ այլընտրանքը շատ վատ է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահի հունիսի 9-ի հայտարարություններն, այդուհանդերձ, երկու կարևոր ուղերձ ունեն: Նա Իսրայելի վարչապետին առաջարկել է Իրանի հետ բանակցություններ սկսել, միաժամանակ ակնարկել, որ Գազայում կարգավորման գործընթացին ներգրավված է «նույնիսկ Իրանը»:
Պետք է, հավանաբար, ընդունել, որ Իսրայելի միջուկային ծրագրի և օբյեկտների մասին հետախուզական տվյալներ ձեռք բերելու մասին Իրանի պետական հեռուստատեսության տարածած տեղեկատվությունը շատ որոշակի հիմքեր ունի, իսկ դա նշանակում է, որ Թեհրանը կարող է Միացյալ Նահանգների հետ բանակցություններում այդ տեղեկություններն օգտագործել: Ամենայն հավանականությամբ՝ Իսրայելի «միջուկային զինանոցի» հովանավորը ԱՄՆ-ն է:
Ի՞նչ հիմքով կարող են իրանա-իսրայելական բանակցություններ սկսվել: Իրանն իր միջուկային ծրագիրը հիմնավորում է Իսրայելից սպառնալիքները հակակշռելու անհրաժեշտությամբ: ԱՄՆ-ի նախագահը Նաթանյահուին առաջարկում է Իրանին երբևէ չհարձակվելու երաշխիքնե՞ր տալ, թե՞՝ հասնել միջուկային զենք ունենալու իրավունքից երկկողմ հրաժարման:
Դոնալդ Թրամփի նախագահության հինգ ամիսներին միջազգային քաղաքականության ասպարեզում նրան չի հաջողվել հասնել որևէ ձեռքբերման: Հարցականի տակ է ռուս-ուկրաինական բանակցություններին նրա հետագա միջնորդությունը, իսրայելա-պաղեստինյան կարգավորում այդպես էլ չի ստացվում, իսկ եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն էլ արդյունքի չբերեն, ապա Մերձավոր Արևելքը կարող է վերածվել ավելի լայնածավալ պատերազմի թատերաբեմի:
Իրանի հետ բանակցություններ սկսելու առաջարկ Իսրայելի վարչապետին արվում է մի իրավիճակում, երբ իսրայելական ընդդիմությունը Նաթանյահուին արդեն բաց տեքստով մեղադրում է ՀԱՄԱՍ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը հայտարարել է, որ Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ին սնուցել է, որպեսզի Պաղեստինի ազգային ինքնավարությանն «այլընտրանք ստեղծի»:
Ավելի վաղ Լիբերմանն ասել է, որ Իսրայելի գլխավոր սպառնալիքն Իրանն է, «պետք է ջախջախել օձի գլուխը»: ԱՄՆ նախագահն, ընդհակառակը, Նաթանյահուին հորդորել է Իրանի հետ բանակցություններ սկսել:
Ըստ երևույթին, Օմանի միջնորդությամբ իրանա-ամերիկյան բանակցությունները հասել են մի կետի, երբ Իրանը «պատրաստակամություն է հայտնում հրաժարվել միջուկային զենքի ծրագրերից, եթե Միացյալ Նահանգներն Իարայելին նույնպես զրկեն այդ զինանոցից»:
Դոնալդ Թրամփը հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում: Չնայած Իրանի հասցեին սպառնալիքներին, ԱՄՆ նախագահն, ամենայն հավանականությամբ, հաշվարկել է, որ Թեհրանի նկատմամբ ուժի գործադրումը հղի է ծանրագույն հետեւանքներով, որ առաջին հերթին կվտանգեն Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում Միացյալ Նահանգների շահերը:
Այդ հարցում նա սխալվելու իրավունք չունի: Բայց ռուս-ուկրաինական բանակցություններին նրա միջնորդության փորձը հակառակն է վկայում:
Բաց մի թողեք
Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլիզմի վերջը
Պետություն – Եկեղեցի բախումը բացառելու լավագույն միջոցը երկխոսությունն է․ Բաց նամակ երկուսին
ՆԱՏՕ-ն կընդունի՞ Ռուսաստանին դիմադիր կանգնելու որոշում