Կփորձենք մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը, Պրահայում մասնակցելով միջազգային անվտանգության թեմայով համաժողովին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Երևանը, համենայն դեպս կձգտի հասնել դրան: Հայաստանի վարչապետը խաղաղության պայմանագիր ստորագրելու հույս հայտնում էր նաև 2024 թվականին, 2023-ին:
Իհարկե, այժմ Նիկոլ Փաշինյանի համար հարցն ունի ընտրական արժեք, քանի որ այդ միջոցով նա ոչ միայն կստանա անվտանգային միջավայրում ռիսսկերը ավելի կառավարելի դարձնելու հնարավորություն, այլ նաև հնարավորություն Ադրբեջանի հետ պայմանագիրը ներկայացնել ընտրողներին որպես դիվանագիտական և նույնիսկ պատմական մեծ ձեռքբերում:
Բայց, Երևանի ձգտումը միակողմանի երթևեկություն է, որը բախվում է Բաքվի պահանջների պատին, քանի որ ինչքան բարձր է Փաշինյանի համար անհրաժեշտությունը, այնքան բնականաբար իր համաձայնության կամ ստորագրության համար բարձր պահանջներ է սահմանելու Ադրբեջանի նախագահը:
Եթե Իրանի շուրջ իրադարձությունների զարգացումը ծավալվի էսկալացիոն տրամաբանությամբ, ապա մեծ հավանականությամբ պայմանագրի ստորագրման հեռանկարն ավելի կբարդանա, քանի որ Ադրբեջանը կբարձրացնի իր պայմանների գինը: Ավելին, գաղտնիք չէ, որ Իրանի շուրջ էսկալացիայի պայմաններում շատ բարձր է համարվում նաև ռեգիոնալ էսկալացիայի ռիսկը:
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Երևանը չունի տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է օգտվել իրավիճակից: Բայց ինչպե՞ս պետք է ստանա Երևանն այդ տեղեկությունը, որևէ հետախուզական տվյալո՞վ, թե՞ Ադրբեջանի ներկայացրած որևէ վերջնագրի տեսքով:
Համենայն դեպս այն, որ Ադրբեջանը պատրաստ է էսկալացիոն սցենարի, թերևս չունի հավելյալ տեղեկություններով հաստատվելու կարիք: Ադրբեջանը հենց այս օրերին անցկացնում էր հերթական զորավարժությունը Թուրքիայի հետ, իսկ առաջիկայում ծրագրված են նորերը:
Ադրբեջանը 2025 թվականին պատրաստվում է, ըստ էության, շատ ավելի վաղուց, երբ իր խորհրդարանի և նախագահի հերթական ընտրությունները, որոնք պլանավորված էին 2025-ի առաջին կեսին, «տեղափոխեց» և անցկացրեց արտահերթ ռեժիմով՝ 2024-ին:
Անկասկած է, որ Բաքուն այդպիսով պարզապես ազատեց իր «ձեռքերը» 2025-ի համար, ազատվեց ընտրական պրոցեսների բեռից: Իհարկե, սա բոլորովին չի նշանակում, որ դա արվել է հաստատապես Հայաստանի հանդեպ ինչ-որ գործողությունների հաշվարկով, բայց, որ Ադրբեջանը պատրաստվել է 2025-ին շատ ավելի վաղ՝ ակնառու է:
Հետևաբար, այստեղ իրավիճակ է, որ Հայաստանը մեղ ասած իրավունք չունի «սպասել» որևէ հատուկ տեղեկության:
Բաց մի թողեք
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին