Իրանի շուրջ բավականին սրվել է հռետորաբանությունը և մեդիահոսքերի տրամաբանությունը: Եթե «համառոտագրենք», ապա, ըստ էության, խոսվում է այն մասին՝ երբեմն ուղիղ, երբեմն տողատակերով, որ Իսրայելն արդեն հարվածում է:
Այդ ամենը, իհարկե, նման է հոգեբանական գրոհի, որին կկարող ենթարկվել Իրանն ԱՄՆ հետ հերթական բանակցային ռաունդից առաջ, որը նշանակվել է հունիսի 15-ին և կանցկացվի Օմանում:
Իրանն էլ իր հերթին փորձում է պատասխանել՝ մի կողմից հայտարարելով, որ չունի միջուկային զենք ստեղծելու մտադրություն, մյուս կողմից, սակայն սպառնալով, որ դուրս կգա միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից:
Զուգահեռ Իրանը օրերս ավարտեց Ռուսաստանի հետ ռազմավարական մեծ պայմանագրի վավերացումը: Դրան հավանություն էր տվել Հեղափոխության պահապանների խորհուրդը:
Անկասկած է, որ Ռուսաստանի հետ մեծ պայմանագրի վավերացումն ավարտելով, Իրանը, ըստ էության փորձել է ներկայացնել հավելյալ խաղաքարտ: Ռուսաստանի հետ պայմանագիրը չի ենթադրում ռազմական փոխօգնություն, սակայն պարունակում է շատ էական «հյուսվածքներ», այդ թվում՝ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: Պետք է հուսալ, որ խտացող մեդիահոսքերն ու կոշտացող հռետորաբանությունը կլիցքաթափվի հունիսի 15-ից հետո:
Հակառակ պարագայում կասկած չկա, որ լարվածության աճը ուղղակիորեն ազդեցություն կունենա Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի վրա: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ակնառու կերպով իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության իրենց հերթին էսկալացիան բարձրացնելու և բնականաբար իրենց քաղաքական նպատակներն առաջ մղելու համար:
Ըստ ամենայնի՝ նաև հենց այս նկատառումներն էին Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության ձևակերպման հիմքում, երբ տեղեկացնում էին ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին, նշելով, որ այցը տեղի է ունենում «Կովկասի համար կրիտիկական ժամանակահատվածում»:
ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանում հայտարարեց, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրմանը: Թե ինչպես է դրսևորվում այդ աջակցությունը՝ հայտարարություններից բացի, պարզ չէ, այդ քայլերը, կարծես թե, հետնաբեմում են:
Չի բացառվում, որ դրանց շարքում է նաև Փաշինյանի հնարավոր այցն Անկարա, որի մասին տեղեկությունը հայտնի դարձավ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցելությանը զուգահեռ:
Բաց մի թողեք
Ադրբեջանը պատրաստվել է 2025-ին, Հայաստանը իրավունք չունի «սպասել»
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին