14/06/2025

Հայաստանի անկարողությունների շղթան, այս անգամ նույնիսկ Վրաստանի հետ

Հայաստանից Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և Մերձբալթյան երկրներ փաստացի ԵՄ արտահանվող գինու և կոնյակի տարանցման խնդիրները շարունակվում են արդեն գրեթե երկու ամիս, ինչի մասին ահազանգում են հայկական բեռնատարների վարորդներն ու արտահանողները:

Ավելին, երկու օր առաջ բավականին տարօրինակ հայտարարություն արեց ՊԵԿ-ը՝ ասելով, որ ժամանակավորապես փակում են հայկական բեռնատարների մուտքը Վրաստան, մինչև Վրաստանի տարածքում թեթևանա հայկական բեռնատարների կուտակումն ու Վրաստանում կլուծվի թողունակության հարցը:

Ըստ էության, սա այլ բանի մասին չէր, քան այն, որ Հայաստանի կառավարությունն արդեն գրեթե երկու ամիս չի կարողանում «ռազմավարական գործընկեր» Վրաստանի հետ լուծել հայկական արտադրանքի տարանցման հարցը: Եթե ապրանքը անորակ է, եթե Վրաստանն իրապես ներկայացնում է հիմնավոր պահանջներ, անում է հիմնավոր ստուգումներ, եթե Վրաստանի գործողությունները միանգամայն իրավաչափ են, ապա այստեղ թեման, իհարկե, փակվում է:

Հայաստանը պարզապես պետք է խնդիրները լուծի իր տարածքում, կարողանա խնդիրները լուծել իր տարածքում՝ արտադրանքի որակի, ստանդարտների հետ կապված, բայց միևնույն ժամանակ, ըստ էության, խոստովանի, որ խնդիրը իր դաշտում է, ոչ թե Վրաստանի:

Որովհետև հակառակ պարագայում առաջանում է հայ-վրացական հարաբերության շուրջ որոշակի տեղեկատվական լարում, ինչը բացասաբար է անդրադառնում հանրային ընկալումների վրա, որն էլ իր հերթին բացասական ռեակցիա կառաջացնի Վրաստանի հանրային շրջանակներում:

Իսկ շահառուները, որոնք պահը բաց չեն թողնի հարվածել հայ-վրացական հարաբերությանը, մեր ռեգիոնում այսպես ասենք՝ քիչ չեն: Ադրբեջանը, օրինակ, միանգամայն ուրախ կլինի, եթե հայ-վրացական տիրույթում առաջանա որևէ թնջուկ: Ավելին, բացառելի չէ, որ անգամ դրա համար անի առավելագույնը:

Եվ ուրեմն, եթե Վրաստանի գործողություները միանգամայն իրավաչափ են, ապա Հայաստանը պետք է գոնե կարողանա խնդիրը շատ արագ «տեղափոխել» իր դաշտ, նույնքան արագ զբաղվել դրա լուծմամբ և ապահովել հայկական արտադրանքի բնականոն արտահանում, Վրաստանում տարանցման խոչընդոտների վերացումով:

Ըստ այդմ` հարց է առաջանում, երբ Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում էկոնոմիկայի նախարարը, պատգամավորներ, գործադիրի այլ ներկայացուցիչներ հայտարարում են, որ վրացի գործընկերների հետ պետք է լուծեն հարցը, երբ հայտարարում են, որ հայ արտահանողների բողոքը իրավաչափ է, նրանք դա կեղծո՞ւմ են, պատասխանատվությունն իրենց վրայից գցո՞ւմ են:

Դա կնշանակի պարզապես ոչ միայն անկոմպետենտություն, այլ նաև ապապետական անպատասխանատվություն: Եթե խնդիրը իսկապես Վրաստանի դաշտում է, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանի կառավարությունը արդեն գրեթե երկու ամիս չի կարողանում արդյունավետ և համապարփակ լուծել այդ հարցն ու հասնել խնդրի չեզոքացման, որովհետև դրա առկայությունն այսպես, թե այնպես հարվածում է հայ-վրացական հարաբերությանը, իսկ դա թուլացնում է Հայաստանին:

Հունվարի 31-ին Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղի ունեցան բանակցություններ, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, հնչեցին երկուստեք կարևոր հայտարարություններ հայ-վրացական ռազմավարական գործընկերության նշանակալիության մասին:

Ինչո՞ւ է երկու ամիս անլուծելի մի խնդիր, որը, ըստ տրամաբանության, հայ-վրացական հարաբերության տիրույթում չպետք է լիներ բարդերից: Կամ դա խնդիր է, որն առավել բարդ հարցի կամ հարցերի հետևանք է:

Բոլոր դեպքերում, խնդրի լուծման հարցում կառավարության անկարողության հետևանքով իրավիճակը ոչ միայն տնտեսապես է աշխատում Հայաստանի հանրապետության դեմ, այլ նաև քաղաքականապես: